Բաժիններ՝

Սոնան իմ թևերն է դարձել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատի հարսանիքն է. Sputnik Արմենիան

Պսակադրությունը Արտաշատի եկեղեցում է, որից հետո զույգն ուղղաթիռով մեկնելու է Ծովագյուղ` հարսանեկան խնջույքին մասնակցելու։

Այս օրվան նրանք երկար են սպասել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու իր սիրելին` Սոնան, ամուսնանում են։ 2021 թվականին` նրանց նշանադրությունից հետո, Sputnik Արմենիան այցելել էր Ծովագյուղ` Սանեյանների ընտանիք, զրուցել Վարոյի ու Սոնայի հետ։ Ծրագրում էին ամուսնանալ արդեն հաջորդ տարի, սակայն հանգամանքների բերումով հարսանիքը միայն 2,5 տարի անց է կայանում։

Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում

Վարոյի խոսքով` այս ընթացքում իր կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել։ Պրոթեզավորվել է, բայց պրոթեզների ֆունկցիոնալությունը լիարժեք չէ, ուստի հիմա չի օգտագործում։
«Անձնական կարիքներ հոգալ չեմ կարողանում. բիո-պրոթեզներ են, բայց սխալ են սարքված»,– ասում է Վարոն։ Հարսանիքից մի քանի օր հետո պետք է հանդիպի մասնագետների հետ` հասկանալու համար` պետք է թերությունը վերացվի՞, թե՞ պրոթեզն ամբողջությամբ փոխվի։

«Անկեղծ ասած` Սոնային ավելի լավ իմ թևերով եմ գրկում, քան թե պրոթեզներով»,- ժպտում է Վարոն։

Աշխատանք չի գտել. ասում է` տարբեր տեղեր դիմել է, բայց մտավախությամբ` արդյոք կարողանալու աշխատանքը լիարժեք կատարել, թե ոչ։ Որոշել է` ամուսնությունից հետո աշխատանքի հարցն էլ կլուծի։

Վեճեր

Վեճեր լինում են։ Վարոյի կարծիքով` դրանց հիմնական պատճառը հեռավորությունն է. ինքը Ծովագյուղում է, Սոնան` Արտաշատի Բերքանուշ գյուղում։ Վստահ է` ամուսնությունից հետո վեճերը կպակասեն։
«Կարևորը սերն է, հավատարմությունը, փոխըմբռնումը»,– նշում է Վարոն։
Սոնայի հետ միասին են 2017 թվականից, երբ աղջիկը դեռ դպրոցական էր։ Չնայած երիտասարդ տարիքին, բառի բուն իմաստով` միասին անցել են մի ամբողջ կյանք ու կռիվ։

Վարոյի թևավոր երջանկությունը

«Սոնան իմ թևերն է»,– ասում է Վարազդատը։

Ձայնը մեղմանում է։ Չէ՞ որ անգամ այս կարգավիճակում Սոնան իր կողքին մնաց։ Մեկմեկու խոստացել են իրար կողքի լինել մինչև կյանքի վերջ։ Սա Վարազդատին եռակի, քառակի ուժ է տալիս` հաղթահարելու մեծ ու փոքր խնդիրները, կյանքն ավելի թեթև ապրելու։

«Սոնան ինձ շատ է օգնում։ Ես իր հետ խոսել եմ, բացատրել եմ` հիմա ծնողներս ողջ են, ինձ առօրյա հարցերում օգնում են, բայց երբ որ մի օր չլինեն, ամբողջ դժվարությունն իր ուսերին է մնալու։ Սոնան ասում է` լավ է դա հասկանում. համաձայն է, պատրաստ է»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս