Սպանության մեջ կասկածվող անչափահասը ներկայացել է ոստիկանություն

19-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող 17-ամյա պատանին ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 24-ին, ժամը 1:20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և քննչական բաժնի ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը մահացու վնասվածքը ստացել է նույն օրը, կեսգիշերից րոպեներ անց, Հ. Հովհաննիսյան փողոցին հարակից զբոսայգում, սակայն սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի անձն արագ պարզել չի հաջողվել:

Օգնության են եկել նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ընդլայնվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շրջանակը: Պարզվել է, որ զբոսայգում վիճաբանություն է առաջացել Նարեկ Գուրյանի և 2006 թ. ծնված մի պատանու միջև, որի ընթացքում էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով պատանին հարվածել է:

Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 15:30-ին, կասկածյալ պատանին ինքնակամ եկել է ոստիկանության Շենգավիթի բաժին և ներկայացվել քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս