Մահացել է Պիկասոյի կրտսեր որդին. ինչ է լինելու նկարչի ժառանգության հետ
Շվեյցարիայում 76 տարեկան հասակում մահացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կրտսեր որդին՝ Կլոդ Ռուիս Պիկասոն։ Վերջինիս փաստաբան Ժան-Ժակ Նոյերը չի հայտնել մահվան պատճառը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Կլոդ Ռուիս Պիկասոն Պիկասոյի և ֆրանսիացի նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի որդին է։
Նա ամուսնացած էր Սիլվի Վոտյեի հետ, ունեն երկու երեխա։
Մայրը` Ֆրանսուազան, մահացել է այս տարի, նա 101 տարեկան էր։
Կլոդ Ռուիս Պիկասոն ֆոտոլրագրող էր, աշխատում էր Time Life, Vogue և ամերիկյան Saturday Review ամսագրերում։
2011 թվականին նա արժանացել էր Ֆրանսիայի բարձրագույն պարգևի` Պատվավոր լեգեոնի շքանշանի, որպես նկարիչ իր աշխատանքի, ինչպես նաև դատարանի որոշմամբ հոր ունեցվածքի կառավարիչ նշանակվելու համար։
The Guardian-ը հիշեցնում է, որ Պիկասոն 4 երեխա ուներ։ Կլոդն ու Պալոման նրա երեխաներն էին Ֆրանսուազա Ժիլոյից։
Ավագ որդին` Պավելը, որը մահացել է 1975 թվականին, բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ նրա ամուսնությունից էր ծնվել։ Դուստրը` Մայան, որը մահացել է 2022 թվականին, ֆրանսիացի մոդել Մարի Թերեզա Ուոլտերից էր։
Կլոդ Ռուիս Պիկասոն հոր կալվածատան կառավարիչն էր 1989 թվականից մինչև 2023 թվականի հուլիս, որից հետո նա գործերը փոխանցել է քրոջը` Պալոմային։
Իսպանական ծագումով ֆրանսիացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի թողած ժառանգությունը կազմում է 1 միլիարդ 154 միլիոն ֆրանկ: Այդ ժառանգությունը բաղկացած է 1885 նկարներից, 7089 գծանկարներից, 1228 քանդակներից, 3222 կերամիկական ստեղծագործություններից, ավելի քան 30 հազար էտյուդներից, գրավյուրներից, անհամար գրառումներից:
Նշենք, որ Պաբլո Պիկասոյի դուստրը ժառանգության խոշոր հարկը մարելու համար 2021թ. ստիպված է եղել Ֆրանսիայի կառավարությանը փոխանցել հոր լեգենդար աշխատանքներից մի քանիսը:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, Մայա Ռուիզ Պիկասոն կառավարությանն է հանձնել Պիկասոյի վրձնին պատկանող վեց կտավ, երկու քանդակ, որոշ գծանկարներ:
Փարիզի Պիկասոյի թանգարանում երկրի ֆինանսների նախարար Բրունո լե Մարը հայտարարել է. «Մեր երկրի համար պատիվ է ընդունել Պիկասոյի այս ստեղծագործությունները: Դրանք կհարստացնեն ու կխորացնեն մեր մշակութային ժառանգությունը»:
Իսկ 2015թ. Պաբլո Պիկասոյի թոռնուհին վաճառքի էր հանել իրեն ժառանգություն հասած նկարները: Ըստ New York Post-ի, նկարների արժեքը կազմում էր մոտ 290 միլիոն դոլար:
Պարբերականի փոխանցմամբ՝ Մարինա Պիկասոն, ով նկարչի ավագ որդու և բալետի պարուհի Օլգա Խախլովայի դուստրն է, իր անձնական հավաքածուից վաճառում էր հանրահայտ նկարչի յոթ կտավ, որոնք ստեղծվել են 1905-1965 թթ-ն ընկած ժամանակահատվածում: Թոռնուհին, մասնավորապես, վաճառքի է հանել 1923 թ. նկարված «Կնոջ դիմանկարը (Օլգա)» (60 միլիոն դոլար) և 1921 թ. նկարված «Մայրություն» (շուրջ 54 միլիոն դոլար) կտավները:
Կտավների վաճառքով Մարինա Պիկասոն անձամբ էր զբաղվում, և ինքն էր հանդիպում հավանական գնորդների հետ: Կտավներից բացի, նա վաճառքի էր դրել նաև նկարչի՝ Կաննում գտնվող հայտնի վիլլան:
Պարբերականը գրում էր, որ ժառանգությունից ազատվելու ցանկությունը, ըստ Պիկասոյի թոռնուհու՝ կապված է նրա հետ, որ այն «նա ստացել է առանց սիրո», ուստի կտավների վաճառքը բացատրվում է նրանով, որ նա փորձում է «բաց թողնել անցյալը»:
Պարբերականը ընդգծում է, որ նկարչի թոռնուհին մեկ անգամ չէ, որ բացասաբար է արտահայտվել պապի մասին՝ մեղադրելով նրան այն բանում, որ վերջինս հրաժարվել է նյութապես օգնել իր ընտանիքին, երբ Մարիան դեռ երեխա էր: Մարինայի եղբայրը՝ Պաբլիտոն 1973 թ. ինքնասպան է եղել: