Լիտվայի և Պորտուգալիայի նախագահները ժամանել են Ուկրաինա
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ժամանել է Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարությանը և «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին։ Իր այցի մասին Նաուսեդան հայտնել է X (նախկինում՝ Twitter) և Facebook սոցիալական ցանցերում:
«Ես վերադարձա Կիև՝ եղբայրական ուկրաինացի ժողովրդի հետ նշելու Ուկրաինայի անկախության օրը», – գրել է Նաուսեդան X-ում՝ հավելելով, որ Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ մինչև հաղթանակ։
Facebook սոցիալական ցանցի իր էջում Նաուսեդան հավելել է, որ Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում վերահաստատել է, որ Լիտվան կշարունակի օգնել Ուկրաինային զենքով և զինամթերքով, «վերապատրաստել ուկրաինացի զինվորներին, ֆինանսական աջակցություն ցույց տալ և օգնել եվրաատլանտյան ինտեգրման հասնելու հարցում»։ Նաուսեդայի խոսքով՝ Լիտվան սեպտեմբերին NASAMS զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի Ուկրաինային։
Օգոստոսի 23-ին առաջին անգամ Ուկրաինա է ժամանել նաև Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան։
Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում ծանուցել է, որ «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 23-ին։ «Ղրիմի հարթակի» առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2021 թ.-ին Կիևում՝ Ուկրաինայի նախաձեռնությամբ, որտեղ քննարկվել է «Ղրիմի ապաօկուպացման հարցը»։ Այն ժամանակ գագաթնաժողովին մասնակցել է ավելի քան 40 երկիր և միջազգային կազմակերպություն։