«Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը դուրս է բերվել ուղեծիր․ «Ռոսկոսմոս»
«Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը ուղեծիր է դուրս բերել «Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը, հաղորդում է «Ռոսկոսմոսը»: Հրթիռի թռիչքը մեկնարկել է «Բայկոնուր»տիեզերակայանի թիվ 31 («Վոստոկ») հարթակից։
Նախնական տվյալներով՝ դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) թռիչքը կտևի մոտ երկու օր։ «Զվեզդա» մոդուլի հետ միացումը նախատեսված է ուրբաթ՝ օգոստոսի 25-ին,
Մոսկվայի ժամանակով 06:50-ին: Ընդհանուր առմամբ, նավը տիեզերքում պետք է անցկացնի 174 օր։
Այն տիեզերակայան է տեղափոխում գրեթե 2,5 տոննա բեռ, այդ թվում՝ ավելի քան 1,5 տոննա չոր բեռ կայանի անձնակազմի և համակարգերի համար, կես տոննա վառելիք ՄՏԿ-ի լիցքավորման համար, 420 կիլոգրամ խմելու ջուր և 40 կիլոգրամ ազոտ՝ կայանի մթնոլորտը համալրելու համար:
«Պրոգրես»-ը բեռնված է նաև տարբեր գիտափորձեր իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով։ Տիեզերագնաց Սերգեյ Պրոկոպևի խնդրանքով տիեզերակայան է տեղափոխվում նաև E.T. այլմոլորակայինի՝ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմի կերպարի արձանիկը։