Էրդողանը Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահներին մեղադրում է միջազգային իրավունքի խախտման մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախ անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականությանը, Թուրքիայի հարյուրամյակին, ապա նաև եվրոպական երկրների հետ ունեցած հարաբերություններին և նշել. «Եվրոպայի հետ ունեցած մեր հարաբերություններն համատեղ շահերի ներքո զարգանում են»:
Ապա խոսել է նաև երկրում օրեցօր ավելի խորացող գնաճից և մի փոքր համբերություն պահանջելով վստահեցրել, որ Թուրքիայի քաղաքացիները շուտով չեն զգալու գնաճն իրենց առօրյա կյանքում:
Էրդողանը ընդգծել է նաև Թուրքիայի հավատարմությունը հացահատիկային միջանցքի նախաձեռնության վերագործարկմանը և հավելել, որ այդ նպատակով շարունակում են վարել ակտիվ քաղաքականություն:
Թուրքիայի նախագահը նաև քննադատական հայտարարություններով է հանդես եկել վերջերս Կիպրոս կղզում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ կապված ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) քաղաքացիների հետ:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների գործողությունները համահունչ չեն եղել միջազգային իրավունքին և հանգեցրել են տարածաշրջանում իրավիճակի սրմանը:
«Փիլե գյուղում ապրող կիպրոսցի թուրքերին իրենց հայրենիք հասնելը թույլ չտալը ոչ օրինական է, ոչ մարդասիրական: Պետք է հայտնի լինի, որ որպես երաշխավոր պետություն, մենք չենք հանդուրժի կղզում խախտումներն ու անօրինական գործողությունները, հատկապես բուֆերային գոտում»:
Նշենք, որ օգոստոսի 18-ին Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահները տուժել են կիպրոսցի թուրքերի ագրեսիվ գործողությունների հետևանքով։ Կղզին բաժանող բուֆերային գոտում ոստիկանության և զինվորական համազգեստներով կիպրոսցի թուրքերը քաշքշել են խաղաղապահներին, բուլդոզերով քանդել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո գտնվող ցեմենտե սյուներն ու փշալարերը:
Միջադեպը տեղի է ունեցել բուֆերային գոտու 4-րդ սեկտորում, որտեղ ծառայում են Սլովակիայի խաղաղապահները։
ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչն ասել էր, որ երեք խաղաղապահներ լուրջ վնասվածքներ էին ստացել և հոսպիտալացվելու կարիք ունեին։
Այդ հատվածի հսկողությունն ուժեղացվել է բրիտանացի խաղաղապահների կողմից։
Լարվածության պատճառը Կիպրոսի թուրքական մասի իշխանությունների պլաններ են՝ նրանք ցանկանում են ՄԱԿ-ի վերահսկողության տարածքով անցնող ճանապարհ կառուցել։