Աննա Վարդապետյանը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Միհրան Պողոսյանի նկատմամբ
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում:
Մ.Պ.-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Մասնավորապես՝ Մ.Պ.-ն, 2008 թվականի հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր թիկնապահ Է.Ս.-ին 2008 թվականի սեպտեմբերի 12-ին նշանակել է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, սակայն Է.Ս.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ Է.Ս.-ն, 2008-2016 թվականներին, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնից բխող պարտականությունները, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է 22 մլն 117 հազար 820 դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն իր անձնական վարորդ Հ.Բ.-ին 2009 թվականի նոյեմբերի 3-ին նշանակել է Ծառայության օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնում, սակայն Հ.Բ.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ 2009-2016 թվականներին Հ.Բ.-ն, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պարտականությունները, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է 21 մլն 754 հազար 643 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Տ.Հ.-ին, 2009 թվականի մարտի 2-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ը Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Տ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 2 մլն 470 հազար 827 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն տեղեկացված լինելով, որ Ա.Հ.-ն փաստացի կատարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Թ.-ի վարորդի պարտականությունները, առաջարկել է Ա.Հ.-ին պաշտոնի նշանակել Ծառայությունում՝ ավելի բարձր աշխատավարձ ստանալու, հատուկ կոչում ձեռք բերելու և զենք ստանալու նպատակով: Մ.Պ.-ն 2011 թվականի ապրիլի 22-ին, 2012 թվականի հունվարի 15-ին և 2013 թվականի հունվարի 8-ին աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա.Հ.-ի հետ` նրան ընդունելով աշխատանքի՝ որպես Ծառայության անվտանգության աշխատակից: Ապա, Մ.Պ.-ն 2013 թվականի ապրիլի 17-ին Ա.Հ.-ին նշանակել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնին, նույն օրվա մեկ այլ հրամանով՝ գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին, 2013 թվականի մայիսի 13-ի հրամանով՝ Ա.Հ.-ին շնորհել է «Արդարադատության լեյտենանտ» կոչումը, 2014 թվականի փետրվարի 26-ի հրամանով՝ փոխադրման կարգով նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոնին, ապա՝ 2014 թվականի փետրվարի 28-ի հրամանով՝ կրկին գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա.Հ.-ն վերոնշյալ ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է 5 մլն 712 հազար 550 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Գ.Հ.-ին, Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Գ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 10 մլն 454 հազար 655 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, իրեն սպասարկելու համար, համապատասխան հրամաններով Ծառայության հաշվեկշռում գտնվող 4 ավտոմեքենաներն ամրակցել է իր անվտանգության աշխատակիցներ Հ.Բ.-ին, Ա.Ս.-ին, Է.Ս.-ին և Ա.Ի.-ին և մշտապես երթևեկել վերոնշյալ ավտոմեքենաներից առնվազն երկուսով: Արդյունքում՝ 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի և ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող ֆոնդի միջոցներից իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար հափշտակել է 40 մլն 746 հազար 500 դրամ:
Բացի այդ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մ.Պ.-ն վստահված անձանց միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» և «Ֆրուտիմեքս» ՍՊ ընկերությունների կառավարմանը՝ ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելու հետ:
Պաշտոնատար անձ Մ.Պ.-ն, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում, վերոնշյալ ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերած 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք ձևակերպելով իբրև փոխառություն՝ փոխանցել է «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին, որոնք օգտագործվել են ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:
Բացի այդ, 2013 թվականին Մ.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ աճուրդ անցկացնելու պայմաններում, էական վնաս է պատճառել պահանջատեր Հ.Ա.-ի և Ռ.Հ.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Մասնավորապես՝ աճուրդում 166 հատ տրանսպորտային միջոցներն իրացվել են ցածր գնով, պահանջատերեր Հ.Ա.-ն և Ռ.Հ.-ն զրկվել են կատարողական վարույթների շրջանակում պարտապանին պատկանող գույքի իրացումից հետո իրենց հասանելի՝ 13 հազար 500 ԱՄՆ դոլարի և 87 հազար 500 ԱՄՆ դոլարի հատուցում ստանալուց և այլն:
Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն օրենքներով և այլ իրավական ակտերով չունենալով երրորդ անձի համար՝ Ծառայության կողմից բռնագանձման ենթակա գումարները վճարելիս ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձված միջնորդավճարներից գումարներ ստանալու իրավասություն սահմանելու իրավունք՝ 2015 թվականի ամռանը հանձնարարել է ստեղծել և ներդնել բռնագանձման ենթակա վճարումներ ընդունող «ԴԱՀԿ վճարային համակարգ» ծրագրային ապահովումը: Այնուհետև, Ծառայության (ի դեմս՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի) և Մ.Պ.-ի ու նրա մորեղբոր որդու՝ Գ.Հ.-ի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ընկերության միջև 2015 թվականի հուլիսի 31-ին հինգ տարի ժամկետով կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով «Ագրոպոլյուս» ընկերությանը իրավունք է վերապահվել ծառայությունների մատուցման ընթացքում վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով յուրաքանչյուր վճարման դիմաց վճարողներից գանձել 300 դրամ, իսկ հետագայում՝ 15.001 դրամը գերազանցող յուրաքանչյուր վճարման դիմաց՝ 500 դրամ միջնորդավճար: Արդյունքում՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից «միջնորդավճարի» անվան տակ, այդ գործընթացի հետ, ըստ էության, առնչություն չունեցող, Մ.Պ.-ի և նրա ազգականի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ՍՊ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից վճարվել է 84 մլն 343 հազար 680 դրամ:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (հինգ դրվագ), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (երկու դրվագ), 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: