Պակիստանում հաջողվել է փրկել ճոպանուղուց 15 ժամ կախված մնացած 8 հոգուն
Պակիստանում փրկարարներին հաջողվել է իջեցնել 274 մ բարձրության վրա ճոպանուղուց կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Փրկարարական վտանգավոր գործողությունը տևել է ավելի քան 15 ժամ և ավարտվել գիշերը։
«Պակիստանի զինվորականները հաջողությամբ ավարտել են ծայրահեղ բարդ և դժվար գործողությունը։ Ծուղակում հայտնված բոլոր մարդիկ ապահով կերպով տարհանվել են և տեղափոխվել ապահով վայր», – նշել է երկրի ռազմական գերատեսչությունը հայտարարությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ճոպանուղու երկու ճոպաններից մեկը պոկվել էր, և ճոպանուղու խցիկը կախված էր մնացել 274 մ բարձրության վրա։ Ավելի վաղ Reuters-ը հաղորդում էր, որ ճոպանուղու վրա 6 երեխա և 2 ուսուցիչ էր գտնվում։ Միջադեպը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, երբ նրանք գնում էին դպրոց՝ հարևան գյուղում։