Բաժիններ՝

Թաիլանդի նախկին վարչապետը վերադարձել է երկիր և 8 տարով ազատազրկվել է

Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավարտան 2008 թ․-ից ի վեր առաջին անգամ վերադարձել է հայրենիք և 8 տարով բանտարկության ուղարկվել Բանգկոկի բանտ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թաքսին Շինավարտան արտասահման էր մեկնել 15 տարի առաջ՝ նախքան նրան մեղավոր կճանաչեին իշխանությունը չարաշահելու մեջ։ Վարչապետին պաշտոնանկ արած զինվորականները նաև մեղադրում էին նրան կոռուպցիայի և միապետությանը հավատարիմ չլինելու մեջ։ Շինավարտան հերքում է բոլոր մեղադրանքները։

Նախկին վարչապետը Թաիլանդ է ժամանել անձնական ինքնաթիռով՝ իր ընտանիքի անդամների հետ միասին։ Հարյուրավոր աջակիցներ դիմավորել են նրան օդանավակայանում, որտեղից ոստիկաններն անմիջապես նրան ուղեկցել են Գերագույն դատարան, այնուհետև՝ բանտ։

Թաքսին Շինավարտայի՝ հայրենիք վերադարձը համընկել է Խորհրդարանի ստորին պալատում և զինվորականների կողմից նշանակված Սենատում վարչապետի ընտրության գործընթացի հետ։ Թաիլանդը մարտից ի վեր ղեկավարվում է ժամանակավոր կառավարության կողմից։

Նոր վարչապետի թեկնածուն՝ Սրեթհա Թավիսինը, առաջադրվել է Շինավարտայի «Փհեու Թաի» կուսակցության կողմից, որը կոալիցիա է կազմել 10 այլ կուսակցությունների հետ։ Շատերը ենթադրում են, որ Շինավարտայի ժամանումը երկիր համընկնում է իր կուսակցության՝ իշխանության վերադարձի հետ, հետևաբար, նա, գուցե, ստիպված չլինի կրել իր համար սահմանված ողջ պատիժը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս