Բաժիններ՝

Օգոստոսին Բանգլադեշում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 50.000-ը

Բանգլադեշում դենգե տենդի դեպքերը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել են 2 197-ով, օգոստոսի ընթացիկ ցուցանիշը կազմել է 50 359։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։

Հաղորդվում է, որ ըստ Բանգլադեշի առողջապահական ծառայությունների գլխավոր վարչության՝ անցած օրը տենդից մահացել է երկրի ինը բնակիչ։ Տարեսկզբից վարակվածների թիվը հասել է 102 191-ի, մահացածներինը՝ 485-ի: 94 հազար մարդ ապաքինվել է։

Բանգլադեշում դենգե տենդն ամեն տարի տարածվում է հունիս-սեպտեմբերին՝ մուսոնային անձրևների սեզոնին: Հիվանդությունը տարածվում է մոծակների միջոցով։ Այժմ տենդով հիվանդների աճն ավելանում է՝ չնայած մոծակների բազմացման նկատմամբ վերահսկողության և դրանց թրթուրների դեմ պայքարի ուժեղացված միջոցառումներին, որոնք ձեռնարկում են հանրապետության իշխանությունները։

2022 թվականին Բանգլադեշում դենգեի պատճառով մահացել է 281 մարդ։

Դենգե տենդը գերակշռում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայով երկրներում։ Վիրուսի տարածողներն էգ մոծակներն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ վերջին տարիներին դենգեն դարձել է արագ տարածվող վարակ ԱՀԿ բոլոր տարածաշրջաններում։ Վարակման դեպքերի թիվը գնահատվում է տարեկան 100-400 մլն։ ԱՀԿ-ի տվյալներով՝ դեպքերի ավելի քան 80 %-ը սովորաբար ընթանում է թեթև կամ անախտանիշ: Բայց վիրուսը կարող է հարուցել սուր գրիպանման հիվանդություն, որը կարող է բարդանալ և հանգեցնել մահվան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս