Թրամփը կներկայանա ոստիկանություն՝ ձերբակալվելու

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 25-ին կհանձնվի Ջորջիայի Ֆուլթոնի շրջանի ոստիկանությանը։ Ըստ CNN-ի, ավելի վաղ փաստաբանները կարողացել են դատախազի հետ համաձայնեցնել 200 հազար դոլար գրավի դիմաց նրա ազատվելու պայմանները։

Թրամփին մեղադրում են 2020 թ.-ին Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքներն անօրինական ճանապարհով փոխելու փորձի մեջ։

«Հինգշաբթի օրը ես կգնամ Ջորջիա, Ատլանտա, որպեսզի ինձ ձերբակալեն», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Սպիտակ տան նախկին ղեկավարը պետք է ոստիկանությանը հանձնվի մինչև օգոստոսի 25-ը, սակայն, հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները, նա, հավանաբար, կկարողանա խուսափել խափանման միջոցի վերաբերյալ լսումներին իր անձնական ներկայությունից։ Այդ լսումները տեղի կունենան նրա պաշտոնական ձերբակալությունից հետո։

Բացի Թրամփից, գործով մեղադրվում է ևս 18 հոգի, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուզը և Նյու Յորքի նախկին քաղաքապետ, իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին:

Ընդհանուր առմամբ, Թրամփի դեմ 4 քրեական գործ է հարուցվել։ Նրա դեմ բոլոր գործերով 91 մեղադրանք է առաջադրվել։ Բացի Ջորջիայում ընտրախախտումների գործից, Թրամփի նկատմամբ գործեր են հարուցվել գաղտնի փաստաթղթերի ապօրինի օգտագործման, ընտրակեղծիքների փորձի և նախագահական արշավի համար հավաքված միջոցների յուրացման վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Թրամփը շարունակում է 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր նախընտրական արշավը և Հանրապետական ​​կուսակցության կողմից նախագահական ընտրարշավին մասնակցելու ամենահավանական թեկնածուներից է։ Նույնիսկ եթե նրան մեղավոր ճանաչեն առաջադրված մեղադրանքներից որևէ մեկով, դա նրան չի զրկի ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից։

Թրամփն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում։

Տեսանյութեր

Լրահոս