Զելենսկին Աթենքում հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աթենքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ազատ մուտքը ԵՄ երկրների շուկաներ։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Կարևոր է վերականգնել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև լիարժեք, առանց մաքսատուրքերի առևտուրը և ապահովել ուկրաինական գյուղատնտեսական արտահանվող ապրանքների ազատ մուտքը Եվրամիության միասնական շուկայի ողջ տարածք։ Ակնկալում եմ, որ սեպտեմբերի 15-ին ԵՄ-ում ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ ցանկացած սահմանափակումներ կվերացվեն», – մեջբերում է նրա խոսքը մամուլի ծառայությունը։
Կողմերը նաև քննարկել են, այսպես կոչված, «հացահատիկային միջանցքի» համար այլընտրանքային ուղիները։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը և ֆինանսական ասպեկտներին, ինչպես նաև նավերի ապահովագրության հարցերին», – նշված է հաղորդագրության մեջ։
Եվրամիության անդամ արևելաեվրոպական հինգ երկրներում (Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա) անցյալ տարվա աշնանը ուկրաինական հացահատիկի մեծ հոսքի պատճառով հացահատիկի գները կտրուկ նվազեցին՝ վտանգ ստեղծելով տեղական ֆերմերների համար։ Եվրահանձնաժողովն այս երկրների ֆերմերներին 100 միլիոն եվրոյի չափով արտակարգ օգնություն տրամադրեց, սակայն խնդիրը լուծում չստացավ։ Այս տարվա մարտի վերջից այդ երկրները սահմանեցին իրենց տարածք ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելք՝ թույլատրելով միայն տարանցում։ Եվրահանձնաժողովը փորձեց բողոքարկել՝ այն որակելով որպես ԵՄ միասնական շուկայի խախտում, սակայն գյուղատնտեսական լոբբինգի ճնշման ներքո ստիպված եղավ հաստատել այդ սահմանափակումները մայիսի 2-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև երկարաձգել դրանք մինչև սեպտեմբերի 15-ը։
Սևծովյան հացահատիկային գործարքի գործողության դադարեցումից հետո ցամաքային ճանապարհով ուկրաինական հացահատիկի հոսքը դեպի Եվրոպա ավելացավ, ինչի հետևանքով Լեհաստանը հայտարարեց իր տարածք դրա ներմուծման արգելքն առնվազն մինչև տարեվերջ երկարաձգելու անհրաժեշտության մասին: