«Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար»

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը։

Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։

Հեռախոսազրույց եմ ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։ Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տանյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը։

Պահանջում եմ զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները»։

Տեսանյութեր

Լրահոս