Ոտքի՛, Նիկոլ Փաշինյանն է գալիս. ինչո՞ւ են ոտքի կանգնում նախագահը, դատախազը, քննչական մարմինների ղեկավարները, ՄԻՊ-ն ու ՍԴ նախագահը

Բոլորն են նկատել, որ Կառավարության նիստերի ժամանակ դրանց ներկա անձինք ոտքի են կանգնում Նիկոլ Փաշինյանի ներս մտնելու ժամանակ։

Գուցե Նիկոլ Փաշինյանի ենթակաների դեպքում սա նորմալ է, թեպետ չի նկատվել, որ նախկինում կառավարության նիստին ներկա բոլոր անձինք մի մարդու պես հրահանգով ոտքի կանգնեին վարչապետի ներս մտնելուն պես, բայց այն նորմալ չի կարող համարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարագայում, ինչպիսիք են Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, քննչական մարմինների ղեկավարները և այլք։

Ի դեպ, հայտնի տեսանյութում կառավարության անդամներին ու ինքնավար պաշտոն զբաղեցնող՝ կառավարության նիստին ներկա անձանց հատուկ, միկրոֆոնով հրահանգվում է ոտքի կանգնել Նիկոլ Փաշինյանի ներս մտնելու ժամանակ:

Ըստ օրենքի՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք անկախ են, հաշվետու չեն Նիկոլ Փաշինյանին, նրա ենթակաները չեն, և, ի վերջո, նրանց Նիկոլ Փաշինյանը չի նշանակում։

Կարդացեք նաև

Հանրային ծառայության մասին օրենքն անգամ ամրագրել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։

Բայց կա Նիկոլ Փաշինյանի անձի դեմ հավատարմության ու խոնարհման ցուցադրման առավել արտառոց ցուցիչ:

Չափազանց տարօրինակ և անհասկանալի է այն հանգամանքը, որ միջոցառումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներս մտնելու պահին ոտքի է կանգնում ՀՀ Նախագահը՝ հպարտ կեցվածքով, դեմքի լրջագույն արտահայտությամբ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը երևի տեղյակ չէ, որ, ըստ Սահմանադրության, ինքն է երկրի ղեկավարը, ինքն է վարչապետին նշանակում։

Նիկոլ Փաշինյանին տեսնելիս ոտքի են կանգնում նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ կրկին հպարտ կեցվածքով և դեմքի լրջագույն, բայց միևնույն ժամանակ՝ խոնարհ հայացքով։ Թերևս այսպես են երաշխավորում դատական իշխանության և դատավորների անկախությունը։

Ընդդիմադիր Նիկոլն այս հանգամանքը դրոշակ կդարձներ, ամեն պատեհ-անպատեհ առիթով կխոսեր ու կգրեր սրա մասին, բայց հիմա հաճույքով վայելում է իր դեմ հնազանդության դրսևորումները:

Այս ամենը, իհարկե, հակաիրավական է, հակասում է իրավական պետության, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքներին, բայց անձի պաշտամունքի ու վախի մթնոլորտի, թերարժեքության ու փոքր ժամանակ հեծանիվ չունեցողի բարդույթով տառապող մարդու ցասմանը չարժանանալու մարմաջով տառապող մեր պաշտոնյաների պարագայում դա թերևս երկրորդական է:

Եվ վերջում:

Երբ այս տարվա մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որ հայտարարի՝ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում ու պատրաստ են Հայաստանից գյուղեր տալ թշնամի պետությանը, երբ մտավ կառավարության նույն նիստերի դահլիճ, ուր նրան էին սպասում լրագրողները, վերջիններս ոտքի չկանգնեցին:

Առնվազն իրեն երկրի նախագահ անվանող ու այդ պաշտոնի տված բոլոր բարիքներից օգտվող Վահագն Խաչատուրյանը լրագրողներից սովորելու բան ունի:

Տեսանյութեր

Լրահոս