Զինված ծայրահեղական խմբավորումները պաշարել են Մալիի Տիմբուկտու քաղաքը
Զինված ծայրահեղական խմբավորումների կողմնակիցները պաշարման մեջ են վերցրել Տիմբուկտու քաղաքը, որը գտնվում է Մալիի կենտրոնական մասի հյուսիսում։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ ըստ Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրների՝ զինյալներն արգելափակել են քաղաք տանող բոլոր ճանապարհները։ Տեղեկատվություն չկա, թե որ կազմակերպությանն են պատկանում արմատականները։
Օգոստոսի 16-ին ֆրանսիական RFI ռադիոկայանը հաղորդել էր, թե իբր քաղաքն արգելափակել են Jnim իսլամիստական խմբավորման զինյալները, որոնք կապված են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: Տեղի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը, մի քանի տասնյակ ընտանիքներ որոշել են լքել քաղաքը։
Մալին քաղաքական ճգնաժամի մեջ է 2020 թվականի ամռանից ի վեր՝ երկու զինվորական հեղաշրջումների պատճառով։ Հունիսի կեսերին Մալիի արտաքին գործերի նախարար Աբդուլայե Դիյոպը հայտարարել է, որ երկրի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Մալիում ՄԱԿ-ի Կայունացման բազմապրոֆիլային համալիր առաքելության 15 հազարանոց խաղաղապահ զորախումբը (MINUSMA) անհապաղ դուրս բերելու խնդրանքով։ Նախարարի խոսքով՝ խաղաղապահներն ունակ չեն եղել ապահովելու երկրի անվտանգությունը։
MINUSMA-ն ստեղծվել է 2013 թվականի գարնանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով՝ հանրապետության տարածքում անվտանգության ամրապնդման գործում Մալիի իշխանություններին օգնություն ցույց տալու նպատակով: