Հայկ Մարությանը փորձում է ծաղրել ինձ. ինքնահաստատման անհաջող փորձ. Տիգրան Արզաքանցյան
Համացանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարդը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։
«Հարգելի հայրենակիցներ.
Շուտով մեկնարկում են Երեւանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցության հայտ են ներկայացրել 14 քաղաքական ուժեր: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլորին:
Սակայն Երեւանի քաղաքապետի թեկնածուների աստղաբույլը իր մասնակցությամբ զարդարում է տաղանդավոր ծաղրածու, սակայն ձախողված եւ սեփական քաղաքական թիմից անդավերադարձ վտարված, հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը փորձում է անհույս ճիգեր գործադրել, որպեսզի կրկին վերադառնա իր էությունից եւ ունակություններից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող եւ իրեն բացարձակապես չհամապատասխանող քաղաքապետի պաշտոնին:
Ես հումորով եւ բավականին հարգանքով եմ վերաբերում այն բոլոր շնորհալի դերասաններին, որոնք կարողանում են իրենց մոնոներկայացումներում նմանակել հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող անձանց, այդ թվում եւ քաղաքական գործիչներին, որպես վառ օրինակ՝ Հովհաննես Դավթյանը:
Վերջին օրերին համացանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարդը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է: Թերեւս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե վերջինս քաղաքապետի պաշտոնապես գրանցված թեկնածուների շարքում չլիներ: Դա արդեն չթույլատրված նախընտրական հակաքարոզչություն է, որը հատում է էթիկայի եւ բարոյականության բոլոր սահմանները:
Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում եւ խնդրում ձեռնարկել համարժեք միջոցներ նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումները վերացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:շ