Ճապոնիան օգոստոսի 24-ին կսկսի ջրի բացթողումը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) էներգետիկ ընկերությունը հաղորդել է, որ սկսել է կայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ «կայանի մասնագետները ձեռնամուխ են եղել ջրի առաջին բաժնի տեղափոխմանը։ Այն այժմ պահվում է կայանի տարածքում գտնվող հատուկ ցիստեռններում։ Սպասվում է, որ ջրի բացթողումը կսկսվի արդեն օգոստոսի 24-ին, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել էր զեկույց՝ նշելով, որ ջրի բացթողման Ճապոնիայի պլանները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին Ճապոնիա կատարած իր ուղևորության ժամանակ հաստատել էր, որ գործակալությունը չափազանց աննշան է համարում ջրի բացթողման ազդեցությունը տարածաշրջանի բնակիչների և էկոհամակարգի վրա։ Ջրի բացթողման պլանն ուսումնասիրող աշխատանքային խմբի մեջ մտել են փորձագետներ Ավստրալիայից, Արգենտինայից, Միացյալ Թագավորությունից, Վիետնամից, Կանադայից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից, Մարշալյան կղզիների Հանրապետությունից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Կայանում ջրի մաքրումը տեղի է ունենում ALPS բազմամակարդակ համակարգի օգնությամբ: