ՊՆ պաշտոնյան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն դիմած 5 քաղաքացիներից պահանջել է ընդհանուր 650.000 դրամ կաշառք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել է Ռ. Գ.-ն և առաջարկել փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաև հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին:
Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն իր ծանոթ Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ. Վ.-ից: Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն և վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են:
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են նաև զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար ՊՆ նույն պաշտոնյայի կողմից ևս 4 քաղաքացիներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր, որոնք իրականացվել են հետևյալ եղանակով:
Կ. Մ.-ն զորահավաքային վարչություն դիմած անձանց տվյալներն ուղարկել է իր ծանոթ Ռ. Գ.-ի կնոջ բջջային հեռախոսահամարին: Վերջինս էլ, իր հերթին, դրանք վերահասցեագրել է ամուսնու հեռախոսահամարին, որից հետո Ռ. Գ.-ն, կաշառք ստանալուն նպաստելու նպատակով, հեռախոսակապ է հաստատել նշված անձանց հետ և տեղեկություններ տրամադրելու եղանակով կատարել օժանդակություն՝ զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար նրանց ներկայացրել է կաշառք տալու առաջարկ:
Վերը նկարագրված եղանակով Կ. Մ.-ն չորս դեպքում՝ Ռ. Գ.-ի օժանդակությամբ, իսկ մեկ դեպքում՝ անձամբ, 2023 թվականի ապրիլից մայիսն ընկած ժամանակահատվածում 5 անձանցից պահանջել է ընդհանուր շուրջ 650 հազ. ՀՀ դրամ կաշառք: Ընդ որում, նշված անձանց մոտ կաշառք տալու վճռականություն հարուցելու նպատակով Ռ. Գ.-ն վերջիններիս հայտնել է, որ այդ կերպ հաշվառվելուց հետո հետագայում նրանք վարժական հավաքներին չեն կանչվելու, այն դեպքում, երբ Կ. Մ.-ի ծառայողական պարտականությունների մեջ չի մտել հաշվառման համար դիմած քաղաքացիներին վարժական հավաքներին ներգրավումը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), իսկ Ռ. Գ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: