Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները օգոստոսի 21-ին խոշոր համատեղ զորավարժություններ են սկսել Հյուսիսային Կորեայի ռազմական սպառնալիքի ֆոնին մարտունակությունն ամրապնդելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Yonhap» գործակալությունը:

«Ulchi Freedom Shield» (UFS) ամենամյա զորավարժությունները հիմնված են ընդհանուր պատերազմի սցենարի վրա։ Դրանց ընթացքում կանցկացվեն վարժանքներ չնախատեսված իրավիճակներին արձագանքելու համար, հրամանատարաշտաբային վարժանքներ համակարգչային մոդելավորման հիման վրա, ինչպես նաև դաշտային վարժանքներ և քաղաքացիական պաշտպանության վարժանքներ։ Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 31-ը։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ զորավարժությունների ժամանակաշրջանում պլանավորված է դաշնակիցների շուրջ 30 համատեղ վարժանքների անցկացում դաշտային պայմաններում։

Բացի հարավկորեացի և ամերիկացի մասնակիցներից, զորավարժություններին կմիանա ՄԱԿ-ի հրամանատարության անդամ ինը երկրների անձնակազմը (1950 թ. ստեղծված բազմազգ զինված ուժերի միասնական հրամանատարությունը Հարավային Կորեային աջակցելու համար)։ Այդ երկրներն են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իտալիան, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները և Թաիլանդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս