
Արցախի նախագահը հրատապ խնդիրների վերաբերյալ ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Արցախի կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:
Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումներն, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:
Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: