Հանրային քննարկման են ներկայացվել կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող նոր կարգեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքից բխող կարգեր, այդ թվում՝ «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
Նախատեսվում է, որ վերոնշյալ կարգերից բխող համակարգման աշխատանքներն իրականացվելու են օրենքով սահմանված «Ազգային մարմին» հիմնադրամի կողմից:
Ըստ նախարարությանը՝ նոր կարգերի մշակումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, շահառուների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում կինոշուկայի կարգավորման անհրաժեշտությունից:
Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման մեխանիզմների բացակայությունն անկառավարելի է դարձնում շուկայի վերլուծության գործընթացը և չի նպաստում սպառողի շահերին:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում նաև տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունն անհամատեղելի է իրականության հետ: Գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով: Միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները:
Առկա իրավիճակն ու խնդիրները հաշվի առնելով՝ որոշվել է ներդնել միասնական ավտոմատացված համակարգ։ Նոր համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների ու սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը, դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար՝ հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:
Ըստ հաղորդագրության՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ազգային մարմին» հիմնադրամը հնարավորություն կստեղծի ոլորտի զարգացման համար գեներացնելու հավելյալ միջոցներ, ինչպես նաև իրականացնելու ոլորտի արդյունավետ համակարգմանն ուղղված մի շարք նոր գործառույթներ: Այն կստեղծվի կինեմատոգրաֆիայի ոլորտում գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի իրավակազմակերպական ձևի փոփոխմամբ։ Նոր մարմինը կիրականացնի նաև գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայիս գործառույթները՝ հայկական կինոնախագծերի արտադրությանը և տարածմանը աջակցություն, միջազգային համագործակցության խթանում, հայկական կինոժառանգության պահպանում, թվայնացնում, վերականգնում և տարածում, տարաբնույթ ոլորտային միջոցառումների կազմակերպում և մի շարք այլ վարչարարական աշխատանքներ: Միաժամանակ ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործառույթներ դեռևս նպատակների և նախագծերի փուլում են:
Նախարարությունից տեղեկացնում են, որ հիմնադրամը կունենա հոգաբարձուների խորհուրդ․ նախագծով սահմանվում են նաև կինեմատոգրաֆիայի «Ազգային մարմնի» հոգաբարձուների խորհրդի անդամների և «Ազգային մարմնի» գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: