Լաչինի միջանցքով մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ

Թեև Լաչինի միջացքի խնդրով պայմանավորված հայկական ու ադրբեջանական կողմերի փաստարկները տարբեր բացատրություններ են պարունակում, այնուամենայնիվ, տեղում մարդկանց ապրուստի երաշխավորումը պետք է առաջնային լինի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի՝ հիվանդների և քրոնիկ հիվանդների, տարեցների, կանանց և երեխաների համար: Նրանց կյանքը չպետք է սպառնալիքի ներքո լինի:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարեց Ճապոնիայի ներկայացուցիչը:

«Մենք ի գիտություն ենք ընդունում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով և հաշվի առնել, որ պետք է շտկել մարդասիրական իրավիճակը տեղում: ԿԽՄԿ-ն ներկայումս դժվարություններ ունի մարդասիրական օգնությունը քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով հասցնելու գործում: Նա կոչ է անում որոշում կայացնողներին թույլ տալ, որպեսզի վերսկսվի մարդասիրական գործունեությունը տարածքում: Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի: Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ ապահովել հասանելիությունը»,- ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:

Նա հիշեցրեց նաև , որ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին պայմանական միջոցներ է կարգադրել, այդ թվում՝ ապահովելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Ճապոնիան վերահաստատում է, որ օրենքի գերիշխանությունը պետք է հաստատվի, և դա պաշտոնական Տոկիոյի մնայուն դիրքորոշումն է: Ցանկացած պետություն պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և մարդասիրական նորմերին:

«Հակամարտության վերջնական հանգուցալուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է խաղաղության և կայունության համար Կովկասյան տարածաշրջանում: ՄԱԿ-ի ԱԽ-ի գերխնդիրը միջազգային խաղաղության պահպանումն է, ինչի համար բոլոր կողմերը պետք է հանձնառու լինեն առկա խնդրին, և այդ առումով երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարևոր է: Մենք հույս ունենք, որ այն թույլ կտա վեճը լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- եզրափակեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս