Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն անթույլատրելի են համարել Աղդամի ճանապարհը որպես Լաչինի միջանցքի այլընտրանք օգտագործելը

Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց վճռական դիրքորոշումն են հայտնել Լաչինի միջանցքին այլընտրանքային տրանսպորտային երթուղիներ օգտագործելու առաջարկների վերաբերյալ, մասնավորապես՝ Ակնայով (Աղդամ) դեպի պաշարված Արցախ հումանիտար մուտքի համար։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն հայտարարության մեջ նշել են, որ միամտություն է կարծել, թե Արցախն ութ ամիս դաժան շրջափակման մեջ պահող Ադրբեջանը՝ դանդաղ մահվան դատապարտելով նրա ժողովրդին, հանկարծ տոգորվել է մարդասիրության զգացումով և որոշել է հումանիտար մուտք ապահովել իր տարածքով։

«Կասկածից վեր է, որ սա Ադրբեջանի իշխանությունների հերթական հնարքն է՝ արդարացնելու իրենց հանցավոր գործողությունները, թաքցնելու ցեղասպանական մտադրությունները, ոտնահարելու արցախցիների արժանապատվությունը՝ հատագայում նրան ստրկացնելու նպատակով։ Ադրբեջանի իշխանությունները կեղծ հումանիզմ են օգտագործում՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունն Արցախի էթնիկ զտման և ցեղասպանության, Արցախի բնակչությանն իրենց հողում ազատ և անվտանգ ապրելու հնարավորությունից զրկելու իրական նկրտումներից։

Նման գործողությունները անհամատեղելի են արդարության և մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների հետ։ Արցախի ժողովուրդը չի կարող և մտադիր չէ ընդունել նման առաջարկ մի երկրից, որն ընդամենը երեք տարի առաջ իր դեմ սանձազերծեց ագրեսիվ պատերազմ՝ օկուպացնելով Արցախի քաղաքներն ու գյուղերը, որը չի դադարում ոչնչացնել հայկական սրբավայրերը, խախտել Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները, նպատակաուղղված և համակարգված կերպով անտանելի կենսապայմաններ է ստեղծում 120.000 մարդկանց, այդ թվում՝ 20.000 ծերերի, 9.000 հաշմանդամների, 2.000 հղի կանանց և 30.000 երեխաների համար, և շարունակում ահաբեկել ու սպառնալ խաղաղ բնակչությանը նոր պատերազմով։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը լինել զգոն, ավելի պատասխանատու մոտենալ Ադրբեջանի ցանկացած գործողություններին և առաջարկներին գնահատական տալուն և չտրվել նրա հանցավոր մտադրություններին։ Անհրաժեշտ է կանխել կեղծ հումանիզմի չարաշահումը, որն ուղղված է Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան և նրա իրավունքների ոտնահարման քողարկմանը:

Կոչ ենք անում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ուշադրություն դարձնել Արցախի ժողովրդի իրական կարիքներին և շահերին և փնտրել արդար լուծում՝ հիմնված նրանց իրավունքների և արժանապատվության, մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի վրա։ Վստահ ենք, որ միայն նման մոտեցումը կարող է հանգեցնել իրական խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած առաջարկ, որն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դիտարկում ենք որպես Ադրբեջանի ավտորիտար, բռնապետական և հայատյաց ռեժիմին Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման հանցավոր ծրագրերի խրախուսում»,-ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են.

«Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպությունը
«Մայրություն» ՀԿ-ն
«Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն
«ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ-ն
«Կին փախստականների միություն» ՀԿ-ն

«ԱՀ ավագների խորհուրդ» ՀԿ-ն
«Հայկի Սերունդ» ՀԿ-ն
«Ազգային Արցախ» ՀԿ-ն
«ՇԵՆ» ՀԿ-ն
«Միասնական երիտասարդություն հանուն արդարության» ՀԿ-ն
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն

«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ն
«Մեր տուն-Արցախ» ՀԿ-ն
«Կանանց և երեխաների աջակցության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն
«Խուլերի միություն» ՀԿ-ն
«ԼՂՀ զոհված ազատամարտիկների միություն» ՀԿ-ն
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ն
«Հայ-ռուսական կազակական Արցախի միություն» ՀԿ-ն

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն
«Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ-ն
«Իրավագիտակից հասարակություն» ՀԿ-ն
«Արցախի գրողների միություն» ՀԿ-ն
«Շուշիի կանանց կենտրոն» ՀԿ-ն
«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ-ն

«ԱՀ Երաժիշտների միություն» ՀԿ-ն
«ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ-ն
«Հավատ և արիության ռազմահայրենասիրական միավորում» ՀԿ-ն
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ն
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղը

Դավիթ Կարաբեկյանը՝ Քաղաքացիական հասարակության առաջնորդ, դասախոս
Զաբելա Ավագյանը՝ Քաղաքացիական հասարակության անդամ, լրագրող
Վլադիմիր Գրիգորյանը՝ լրագրող Կրթական հիմնադրամի տնօրեն
Սիլվա Մարկարյանը՝ գրող-հրապարակախոս
Իրա Թամրազյանը՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստ, ներքին տեղահանված Հադրութից

Տեսանյութեր

Լրահոս