Տաջիկստանը պատրաստ է համագործակցելու Իրանի հետ Շահ Չերաղի դամբարանում իրականացված ահաբեկչության գործով

Տաջիկստանը պաշտոնական հարցումներ չի ստացել Իրանից՝ Շահ Չերաղի դամբարանում Տաջիկստանի քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած ահաբեկչության հարցով, բայց պատրաստ է համագործակցության։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինը՝ հավելելով, որ միջադեպը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա։

«Իրանից մենք դեռ պաշտոնական փաստաթղթեր չենք ստացել այդ դեպքի առթիվ… Մենք դատապարտում ենք Շահ Չերաղում տեղի ունեցած ահաբեկչությունը… Եթե պաշտոնական հարցում լինի Իրանի կողմից, մենք անպայման գործի կդնենք համապատասխան մարմիններին՝ մանրամասները պարզելու համար», – նախարարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանում։ Ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ IRNA գործակալությունը հաղորդում էր 4 մարդու ձերբակալության մասին:

Ըստ Tasnim գործակալության տվյալների` երկու զինյալներ փորձել են ներթափանցել մզկիթի տարածք։ Նրանցից մեկն ավտոմատով կրակ է բացել դամբարանում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Անվտանգության ուժերը նրան ձերբակալել են հարձակումից շատ չանցած: Ֆարսի նահանգի դատարանի նախագահը հայտարարել է, որ դամբարանում ահաբեկչական գործողություն կատարողը Տաջիկստանի քաղաքացի է:

Տեսանյութեր

Լրահոս