Բաժիններ՝

Կանադացի սենատոր Լեո Հուսակուսը շնորհավորական ուղերձ է հղել Դավիթ Իշխանյանին

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը օգոստոսի 14-ին շնորհավորական նամակ է ուղարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Հուսակուսը մասնավորապես նկատել է` Իշխանյանի ընտրությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությանը պարտադրված դժվարին պայմաններում, երբ արցախցիները դիմակայում են Ադրբեջանի կողմից պարտադրված սովին, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար տարբեր դժվարությունների՝ շրջափակման սկզբից ի վեր։

Կանադացի սենատորն Արցախի նկատմամբ ադրբեջանական քաղաքականությունը համեմատել է ուկրաինական Հոլոդոմորում 1932-1933թթ․ խորհրդային քաղաքականության հետ՝ քննադատելով արևմտյան ժողովրդավարությունների կրավորական, եթե ոչ լուռ կեցվածքը։

Հուսակուսը նաև ընդգծել է Կանադայի կառավարության, ինչպես նաև միջազգային ամբողջ հանրության հստակ պահանջի անհրաժեշտությունը՝ ութ ամիս շարունակվող շրջափակման վերացման համար։ Կանադացի քաղաքական գործիչը արժևորել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը և դրանում տեղ գտած այն միտքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցը պետք է ներկայացնի միջազգային դատական ատյանների։

Հուսաքուսը նամակը եզրափակել է իբրև Կանադայի Սենատի անդամ՝ աջակցություն հայտնելով Արցախի Ազգային ժողովի իր գործընկերներին և անձամբ Դավիթ Իշխանյանին, ինչպես նաև անվերապահ զորակցություն Արցախի ժողովրդին։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս