Արցախում վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ․ IPS-ի անդրադարձը

Արցախում միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ։ Այս մասին գրում է IPS-ը՝ Արցախում ստեղծված մարդասիրական բարդ իրավիճակի մասին պատմող իր հոդվածում։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրել է բնակչության գրեթե ամբողջական էթնիկ բաժանման։

«Ռուս խաղաղապահները տեղակայվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ 2020 թվականի աշնանը Մոսկվայի միջնորդությամբ կնքված զինադադարը վերջ դրեց վեցշաբաթյա պատերազմին: Ադրբեջանական կողմը հունիսի 15-ից թույլ չի տալիս խաղաղապահներին անցնել միջանցքով:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք երկրներ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը մարդասիրական և քաղաքացիական երթևեկության համար։

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմեց Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թեև երկու դատարաններն էլ Բաքվին պարտավորեցրել են դադարեցնել ճանապարհի արգելափակումը և ապահովել անարգել երթևեկությունը միջանցքով՝ փրկօղակը շարունակում է փակ մնալ:

Բաքուն առաջարկել էր այլընտրանքային երթուղի, որն անցնում էր Ադրբեջանի տարածքով, առաջարկը մերժվել էր Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից, ովքեր ասում են, որ դա չափազանց վտանգավոր է:

Հուլիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով մատակարարումները չպետք է դիտարկվեն որպես Լաչինի միջանցքի վերաբացմանը այլընտրանք։ Այս մոտեցումն ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր վերջին զրույցի ժամանակ։ Մինչդեռ Արցախի ներսում իրավիճակը օրեցօր վատանում է։ «Ավելացել է վիժումների թիվը դեղերի պակասի, սթրեսի և անհավասարակշիռ սննդակարգի պատճառով։ Ե՛վ մայրերը, և՛ նորածինները բարձր ռիսկի են ենթարկվում»,- IPS-ին ասել է Ստեփանակերտի Մայրության և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը:

«Միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ»,- զգուշացրել է բժիշկը։

Երկու երեխաների մայր և իր երրորդ երեխային սպասող Ալյոնա Գրիգորյանը լիովին գիտակցում է վտանգները. Հղիության հետ կապված խնդիրներ ունենալուց հետո նա մեկուկես ամիս է՝ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հսկողության ներքո։

Նա ասում է, որ պտուղը լավ վիճակում է, բայց իրեն պետք է հավասարակշռված դիետա, վիտամիններ և դեղամիջոցներ, որոնք անհնար է գտնել:

«Իմ 3-ամյա երեխան օրեր առաջ ջերմություն ուներ, և քանի որ մենք չէինք կարողանում դեղամիջոցներ գտնել, ստիպված եղանք դիմել ավանդական միջոցների՝ ջերմությունը իջացնելու համար սառը թրջոցներ դնելով»,- պատմել է հայուհին IPS-ին։

Գրիգորյանը հղիության հարցում մատնանշում է «լրացուցիչ մարտահրավերները», սակայն մտահոգված է նաև իր երկու երեխաների հոգեկան առողջության համար։ «Ընդամենը երեք և վեց տարեկանում նրանք արդեն գիտեն, թե ինչ է պատերազմը և շրջափակումը»,- ցավով փաստում է նա:

Անհատական հիգիենայի պարագաների սուր պակասը նոր վտանգ է ներկայացնում նաև պաշարված անկլավի կանանց համար։

Միջազգային առողջապահական կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, զգուշացնում են, որ անվտանգ և մատչելի սանիտարական նյութերի սահմանափակումը ավելացրել է առողջական խնդիրների, ներառյալ՝ դեպրեսիան, վարակները և առողջական այլ ռիսկերը»,- գրում է հոդվածագիրը։

Տեսանյութեր

Լրահոս