Էկվադորում ևս 1 քաղաքական գործչի են սպանել վերջին մեկ շաբաթում
Անհայտ անձինք Էկվադորի Էսմերալդաս նահանգում գնդակահարել են «Քաղաքացիական հեղափոխություն» ընդդիմադիր շարժման անդամ Պեդրո Բրիոնեսին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Վերջին չորս շաբաթվա ընթացքում երկրում սպանվել է արդեն 3 քաղաքական գործիչ. անցյալ շաբաթ քաղաքական հավաքից հետո օրը ցերեկով սպանվել էր նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլավիսենսիոն: Իսկ հուլիսի 26-ին սպանվել էր Մանտա քաղաքի՝ վերջերս վերընտրված քաղաքապետ Ագուստին Ինտրիագոն:
Պեդրո Բրիոնեսի սպանության մասին հայտնել է նույն կուսակցության անդամ, նախագահի թեկնածու Լուիս Գոնսալեսը։
«Էկվադորը վերապրում է իր պատմության ամենաարյունալի ժամանակաշրջանը: Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բռնության ալիքի զոհ դարձած իմ գործընկեր Պեդրո Բրիոնեսի ընտանիքին», – գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:
Քաղաքական գործիչը մեղադրում է գործող կառավարությանը Էկվադորում անվտանգության ոլորտում իրավիճակը վատթարացնելու մեջ։
Ինչպես հաղորդում է Expreso թերթը, ըստ նախնական տվյալների, Բրիոնեսին սպանել են նրանից գումար շորթող հանցախմբի անդամները։ Ոստիկանությունն ստուգում է, թե արդյոք քաղաքական գործիչը սպառնալիքներ է ստացել այլ պատճառներով։