Հիմալայներում 29 մարդ է զոհվել հեղեղումների և սողանքների պատճառով
Անձրևները հեղեղումների և սողանքների պատճառ են դարձել, որոնք առնվազն 29 մարդու կյանք են խլել հնդկական Հիմալայներում, այս մասին հայտնել է Press Trust of India-ն:
Օգոստոսի 13-ին Հիմաչալ Փրադեշի նահանգում հզոր տաղատարափի ժամանակ զոհվել է ինը մարդ, փրկարարները փլատակների տակ ևս ինը մարմին են հայտնաբերել նահանգի մայրաքաղաք Շիմլայում տեղի ունեցած երկու սողանքներից հետո։
Համիրփուրի օկրուգում հորդառատ անձրեւների եւ սողանքի հետեւանքով զոհվել է չորս մարդ։ Զոհվածների մասին հաղորդագրություններ են ստացվում նաև նահանգի այլ մասերից:
Շիմլայում երկու տաճար հայտնվել է սողանքների տակ. նրանցից մեկում շրջափակվել է 15 մարդ։ Ընթանում է փրկարարական գործողություն։ Երկրորդ տաճարում նույնպես կարող են մարդիկ գտնվել:
Սողանքների հետևանքով փակվել են նահանգի ավելի քան 750 ճանապարհ և քանդվել մեծ թվով տներ։
Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը զգուշացնում է, որ օգոստոսի 15-ին Հիմաչալ Փրադեշում սպասվում են հորդառատ անձրեւներ՝ նշելով, որ Հնդկաստանի այս մասում եղանակը կարող է նորմալանալ միայն շաբաթվա վերջին։
Վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել հարևան Յութթարաքհանդի նահանգում։