Դու չես զգացել, թե ինչ ասել է` սողանքի մեջ մխրճվել երեխան ուսերիդ․ աղետից տուժածը՝ Կոբախիձեին
Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ Շովիում սպանվածների մահն ակնթարթային է եղել. նա թերահավատություն է արտահայտել այն մարդկանց պատմությունների նկատմամբ, ովքեր ողջ են մնացել՝ չհանձնվելով և պայքարելով իրենց կյանքի համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Կային շահարկումներ, ապատեղեկատվություն, որ երեխաներից մեկը երեք ժամ պայքարել է սողանքի դեմ, ինչն անհավանական է, սուտ է։ Եվս մեկ անգամ եմ ասում, աղետն ակնթարթային էր»,- ասել է Կոբախիձեն:
«Իրակլի Կոբախիձե, դու չես զգացել, թե ինչ է նշանակում երեխան ուսերիդ սողանքի մեջ մխրճվել: Դուք չեք զգացել այն պահը, որ երեխային գրկած՝ նայելով ձեր դիմաց հայտնված երկումետրանոց սողանքային ալիքին, տեսնելով, որ գալիս է դեպի ձեզ, և փախչելու տեղ չկա։ Կյանքի համար պայքարը սպեկուլյացիա չէ», — գրել է Գիո Ադամիան. նա սողանքից մի կերպ փրկվել է` փրկելով նաև որդու կյանքը։
«Մեզ խաբեբա անվանեցին, իսկ հետո՞ ինչ է լինելու։ Օգոստոսի 3-ից անցել է 11 օր»,- գրել է Շովի հանգստավայրի օգոստոսի 3-ի աղետի մեկ այլ տուժած` Մարիամ Բերիանիձեն։ Հայտնվելով սողանքի կենտրոնում` կինն ամուսնու և երեխայի հետ երեք ժամ պայքարել է նրանց կյանքը փրկելու համար։
Աղետի գոտում զոհերի թիվը հասել է 24-ի, որոնվում է 9 անհետ կորած։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ի ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: