«Ցնցված եմ ողբերգական ավտովթարի լուրից». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի առթիվ։
«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:
Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետևողական ներդրման և վերահսկման միջոցով:
Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: