Օգոստոսի 5-ին Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածություն է եղել. Ադրբեջանի ԱԳՆ

Ըստ tert.am-ի՝ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը դարձել են «Հայաստանի կողմից միտումնավոր էսկալացիայի և ռևանշիզմի քաղաքականության զոհը» (չակերտները՝ Tert.am) և կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ օգոստոսի 5-ին Եվլախում պետք է հանդիպում կայանար Արցախի ներկայացուցիչների հետ:

«Օգոստոսի 5-ին «Հայաստանը խափանեց» (չակերտները՝ Tert.am) Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և Եվլախում «Ղարաբաղի հայ համայնքի» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպման պայմանավորվածությունները։ Եթե Հայաստանն ու նրա «ինքնահռչակ սուբյեկտը» (Արցախի Հանրապետություն-Tert.am) կատարեին այս պայմանավորվածությունները, ապա խնդիրը կլուծվեր օգոստոսի սկզբին՝ ընդունելի շրջանակներ ապահովելով «Ղարաբաղի տարածաշրջանի» (Արցախի Հանրապետություն-Tert.am) բնակիչներին մարդասիրական ապրանքների մատակարարման համար, ինչպես նաև կհեշտացներ մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը», – ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ օրերս Коммерсантъ պարբերականը գրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր բացել Ակնայով ճանապարհը, իսկ դրանից ուղիղ մեկ օր անց՝ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը: Այս մասին պատմել էր Ռուսաստանի պետական կառույցները ներկայացնող աղբյուրը:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Լեռնային Ղարաբաղը։ Դրա էությունն այն էր, որ Ակնայով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի անհրաժեշտ ամեն ինչի մատակարարումը։ Այդ ճանապարհի գործարկումից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքով երթևեկությունը։

«Այս տարբերակը պատրաստության բարձր մակարդակում էր»,- ասել էր Коммерсантъ-ի աղբյուրը:

Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ անմիջապես: Հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Ակնայով: Հետո տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը. ԼՂՀ իշխանությունները պահանջել են անհապաղ ազատ արձակել տղամարդուն։ Ի վերջո, կողմերը փոխզիջման չեն եկել:

Տեսանյութեր

Լրահոս