Թավշյա «տեղափոխության» հետևանքները

2018թ․ «հեղափոխությունից» հետո Շիրակի մարզային իշխանության ղեկը ստանձնել էր Կարեն Սարուխանյանը, ով ոչ մի անգամ ոչ մի պետական և առհասարակ որևէ այլ պաշտոն չէր զբաղեցրել։ Վերջինս անդեմ մեկն էր, ով, ինչպես «հեղափոխության» արդյունքում շատերը, այնպես էլ նա, հայտնվեց պետական կառավարման ոլորտում և սկսեց կազմաքանդել մարզային կառավարման համակարգը։

Ուզում եմ մի շատ պարզ օրինակով ցույց տալ, որ 2018թ․ ապրիլից անցել էր ընդամենը մի քանի ամիս ու արդեն պարզ էր, որ «հեղափոխության» արդյունքում ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն, շարունակվեց վարչական ռեսուրսի չարաշահումը, հովանավորչությունը և ժողովրդավարական համակարգին հակասող գործելաոճը։ 2018թ․ հունիսին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանձնարարական է տալիս, որով իրականացվում է աուդիտ Մարալիկի առողջության կենտրոնում։

Իսկ այդ ժամանակ Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետը ներկայիս գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանն էր, ով, ի դեպ, ազգակցական կապեր ունի Կարեն Սարուխանյանի հետ։ Աուդիտից հետո, իբր պարզ է դառնում, որ առկա են որոշակի չարաշահումներ, որի արդյունքում աուդիտի արդյունքներն ուղարկվում են Շիրակի մարզի դատախազություն։ Այդ ժամանակ մարզի դատախազը Կարեն Գաբրիելյանն էր, ով, ըստ օդում կախված լուրերի՝ պայմանավորվածություն ուներ Կարեն Սարուխանյանի հետ, որ եթե ինչ-որ մեկից պետք էր ազատվել՝ միասնաբար «գործ էին սարքում»։

Հիմնվելով իբր աուդիտի եզրակացության վրա՝ Կարեն Սարուխանյանը 2018թ. հունիսի 25-ին N: 200-Ա որոշմամբ Մարալիկի առողջության կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում Վռամ Միքայելյանին և վերջինիս հետ կնքում աշխատանքային պայմանագիր։ 5 ամիս անց Շիրակի մարզպետի 2018թ. նոյեմբերի 06-ի N334-Ա որոշմամբ ստեղծվում է մրցութային հանձնաժողով «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթի անցկացման համար, իսկ հանձնաժողովը նախագահելու էր Կարենի ընկեր, միևնույն ժամանակ՝ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

Մրցույթի արդյունքում Շիրակի մարզպետի 2018թ․ նոյեմբերի 14-ի N։348-Ա որոշմամբ «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սուսաննա Պետրոսյանը հաղթահարում է հարցազրույցի փուլը։ Այնուհետ նույն որոշմամբ որոշվում է անցկացնել զարգացման ծրագրի ներկայացման փուլը՝ 2018թ․ նոյեմբերի 15-ին ժամը՝ 14։30-ին։ Այս ընթացքում մրցույթին մասնակցում է նաև ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Միքայելյանը։

Առաջին փուլից հետո վերջինս եկավ ինձ մոտ՝ հարցնելով, թե արդյո՞ք հնարավոր է ինչ-որ բան անել։ Ես ներկայացրեցի, որ ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, ու եթե կա ձևավորված մրցութային հանձնաժողով, ապա հանձնաժողովն է իրավազոր կայացնելու որոշում մրցույթի մասնակիցների վերաբերյալ։ Նա համոզված էր, որ ինքը չի անցել մրցույթը։ Եվ դա այդպես էլ եղել էր։ Իսկ Սուսաննա Պետրոսյանը, հաղթահարելով նաև զարգացման ծրագրի ներկայացման փուլը, չէր անցել մրցույթը, որի արդյունքում օրենքով սահմանված կարգով բողոքարկել էր հանձնաժողովի որոշումը։ Սակայն հանձնաժողովի 2018թ․ նոյեմբերի 26-ի եզրակացությամբ՝ վերջինս չի հաղթահարել մրցութային փուլը։ Արդյունքում՝ Սուսաննա Պետրոսյանը, օգտվելով իրեն օրենքով սահմանված իրավունքից, դիմում է բողոքարկման հանձնաժողով։

Այս բողոքի արդյունքում՝ Կարեն Սարուխանյանը որոշում է կայացնում 2018թ․ նոյեմբերի 27-ին ձևավորել բողոքարկման հանձնաժողով, որի նախագահ է նշանակում ինձ՝ Արա Մելիքջանյանիս։ Բողոքարկման հանձնաժողովի նիստը կայացել է իմ աշխատասենյակում, որին մասնակցել են 2 ներկայացուցիչ ՀՀ Առողջապահության նախարարությունից, ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը, և նիստը նախագահել եմ ես՝ Արա Մելիքջանյանս։ Հանձնաժողովի նիստի արդյունքում կայացվեց որոշում՝ 3 կողմ և 1 դեմ, որ մրցույթում հաղթել է Սուսաննա Պետրոսյանը, քանի որ վերջինս պատասխանել էր ճիշտ իրեն առաջադրված հարցին, որն ուներ 5 ենթահարցեր, որոնց 3-ին վերջինս պատասխանել էր ճիշտ։ Հանձնաժողովը քննել է՝ հիմք ընդունելով հանձնաժողովի ձայնագրությունը, որտեղ պարզ հնչում է հարցը և հնչում է պատասխան։

Հանձնաժողովն ուներ նաև հարցաթերթիկը ճիշտ պատասխաններով, որոնց համադրության արդյունքում հանգեց այն եզրակացության, որ նա հաղթահարել է այս փուլը ևս և կարող է նշանակվել «Մարալիկ առողջության կենտրոն« ՓԲԸ տնօրեն։ Այս որոշումը շատ ծանր էր տարել Կարեն Սարուխանյանը և վերջինս մի քանի անգամ զանգելուց հետո եկավ իմ աշխատասենյակ ու վրդովված սկսեց ներկայացնել, թե ինչ վատ որոշում է կայացրել հանձնաժողովը՝ առանց իր կարծիքը հարցնելու։

Ես նրան ասել եմ, որ՝ դու որևէ իրավասություն չունես հանձնաժողովի մեջ, բացի դա՝ հանձնաժողովը կայացրել է օբյեկտիվ որոշում՝ հիմնվելով ձայնագրության ուսումնասիրման վրա և համադրելով փաստերը։ Նա վրդովվեց՝ ասելով, որ՝ «դա իմ վրա թանկ կնստի»։

Իրենց պետք չի օբյեկտիվությունը, իրեն պետք էր, որ մրցույթը հաղթեր Վռամը, ոչ թե Սուսաննան։ Ըստ օրենքի՝ հանձնաժողովի որոշումը մարզպետը իրավազոր չէ որևէ կերպ բեկանել կամ փոփոխել, այլ ընդհակառակը՝ պետք է ի գիտություն ընդունել ու հրաման տալ մրցույթը հաղթած մասնակցի հետ կնքել պայմանագիր։ Ես փորձեցի գտնել բողոքարկման հանձնաժողովի ձևավորման մարզպետի հրամանը և հանձնաժողովի արձանագրությունը, սակայն Շիրակի մարզպետարանի կայքում բացակայում են այդ երկու փաստաթղթերը:

Դժվարանում եմ հավատալ, որ դա պատահական է, իսկ եթե օրինական հարցում արվի, պարտավոր են տրամադրել դրանք։ Արդյունքում, 2018թ․ նոյեմբերի 27-ի Շիրակի մարզպետի N:367-Ա որոշմամբ՝ որոշվում է անփոփոխ թողնել 2018թ․ նոյեմբերի 26-ի մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, այսինքն՝ Սուսաննա Պետրոսյանը մրցութային փուլը չի հաղթահարել։ Ի դեպ, այս որոշումը ստորագրում է Կարենի ընկեր Վարդան Գրիգորյանը, ով այդ ժամանակ փոխարինում է մարզպետին, որը միևնույն ժամանակ եղել է հանձնաժողովի նախագահը, որը համարել է, որ Սուսաննա Պետրոսյանը չի հաղթել մրցույթում։

Արդյունքում ստացվում է, որ առանց հիմք ընդունելու բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունը, որով հաստատվելու էր, որ Սուսաննա Պետրոսյանը հաղթել է մրցույթում, փոխարենը կոպիտ խախտմամբ և անօրինական կերպով «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթում հաղթած Սուսաննա Պետրոսյանի հետ չի կնքվում աշխատանքային պայմանագիր՝ հիմք ընդունելով ոչ թե բողոքարկման հանձնաժողովի որոշումը, այլ մրցութային հանձնաժողովի որոշումը, որի իրավունքը մարզպետը չի ունեցել։

Այս որոշումից հետևում է, որ իբր բողոքարկման հանձնաժողովը և մրցութային հանձնաժողովը եղել են համակարծիք, որ Սուսաննա Պետրոսյանը չի հաղթել մրցույթում, այնինչ բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ՝ վերջինս հաղթել է։

Սա լիարժեքորեն հիմք է տալիս հարուցելու քրեական վարույթ՝ այս գործի շրջանակներում պարզելու մարզպետի որոշման իրավաչափությունը, իսկ Սուսաննա Պետրոսյանին էլ հնարավորություն տալ վերականգնվելու իր օրենքով հասանելիք պաշտոնում։

Կից կարող եք տեսնել հիմնավորումները վերոնշյալի վերաբերյալ, մասնավորապես, նախկին մարզպետի որոշումները։ Իսկ այն որոշումները, որոնք միտումնավոր բացակայում են, հնարավոր է ձեռք բերել հարցման արդյունքում։

Արա Մելիքջանյան

Շիրակի մարզի նախկին փոխմարզպետ

Տեսանյութեր

Լրահոս