Գյումրու Մտորումների թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի Մրոժեկի «Բաց ծովում» տրագիկոմեդիան
Գյումրու Մտորումների թատրոնը սեպտեմբերին հանդիսատեսի դատին կներկայացնի լեհ գրող, դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Բաց ծովում» մեկ գործողությամբ տրագիկոմեդիան:
Թատրոնի բեմադրական հետաքրքիր լուծումների շնորհիվ, Մրոժեկի «Բաց ծովում» ստեղծագործությունը, որը հեղինակը գրել է 1961 թվականին, ավելի արդիական է լինելու, իսկ լաստանավի վրա հայտնված երեքի պատմությունն ավելի իրատեսական՝ ներկայացնելով սովից մինչև ընտրական գործընթաց, թույլի ու ուժեղի պայքար, մահ ու ազատություն:
Միշտ արդիական ու համամարդկային Մրոժեկի ստեղծագործությունները բեմադրվել են աշխարհի առաջատար ռեժիսորների կողմից: Այս անգամ հեղինակին անդրադարձել է թատրոնի դպրոցի շրջանավարտ 17-ամյա Ռաֆիկ Հարությունյանը: «Ընտրությունը պատահական չէր՝ Մրոժեկի գործերն արդիական են՝ ազատություն, արդարություն, ապրումներ: Մարդկային էությունը հենց այս գործի շնորհիվ է շատ լավ բացվում»,- ասում է երիտասարդ ռեժիսորը՝ անկեղծանալով՝ գործը «դժվար է ծնվել» ու կյանքի է կոչվել ի շնորհիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի և թատրոնի երիտասարդ դերասանների: «Իմ ընկերներն ուժեղ եղան ու կարողացան այս ծանր գործը գլուխ բերել: Հուսամ՝ այն տեղիք կտա մեր արարքների մասին մտածելու»,- ասում է Ռաֆիկ Հարությունյանը՝ վստահեցնելով՝ հենց իր ընկերները՝ թատրոնի դերասաններն են իրեն մինչ ներկայացման ծնունդն ուժ տվել, իսկ վստահությունը՝ Մտորումների թատրոնը:
Ըստ Հարությունյանի՝ հենց այստեղ ստացած գիտելիքների ու հնարավորությունների շնորհիվ է, որ հոբբին ու ապագա մասնագիտությունը շիրակցի շատ երիտասարդների համար համատեղելի է դարձել: