Բաժիններ՝

Գյումրիում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

Գյումրիում Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները եզրափակվեցին օգոստոսի 12-ի երեկոյան, Աբովյան փողոցում բացօթյա համերգով՝ «MENQ Project»-ի մասնակցությամբ։ Միջոցառումների մեկնարկը տրվեց հեծանվարշավով, որի նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկումը բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորման և առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Հեծանվարշավին հաջորդեց Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մասին իրազեկումը: Միջոցառումը կրում էր «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը։

Այս տարի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի՝ Երիտասարդների օրը տոն դարձնելու նախաձեռնության շուրջ միացել էին մի քանի կառույցներ ու ծրագրեր՝ «ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոն»-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոն»-ը և Գյումրու համայնքապետարանը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ տոնը նաև Հայաստանի համար շատ կարևոր նպատակ ունի։ «Ի սկզբանե՝ դեռ հունվարին, քննարկումների ժամանակ, մեր կազմակերպության աշխատակազմի կողմից ցանկություն էր առաջացել Երիտասարդների միջազգային օրը նշել նաև Արցախում՝ Ստեփանակերտում։ Եվ դա մեզ համար առաջնահերթ է, մեր միջազգային մի քանի գործընկերներ իրենց աջակցությունն էին առաջարկել ՝ միջոցառումները կյանքի կոչելու։ Բայց տեղի ունեցավ, ինչ եղավ, և վերջին մի քանի ամիսներին մենք ունենք Լաչինի միջանցքի փակ վիճակը, որը «կյանքի ճանապարհն» է Արցախի։ Մենք խոսում ենք երիտասարդների կարևորության, նրանց կյանքի հիմնարար իրավունքների մասին, մինչդեռ Արցախում 120 հազար բնակչություն, որոնց մեջ հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ կան, լուրջ պայքարի մեջ են՝ իրենց կյանքի գոյությունն ապահովելու։ Երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ անկախ ամեն ինչից՝ Գյումրի քաղաքում պարտավոր ենք այս միջոցառումը կյանքի կոչել և պիտի հնարավորություն տանք Շիրակի մարզի երիտասարդներին և հյուրերին իրենց օրը վայելելու, և առիթն օգտագործելու միջազգային տարբեր կազմակերպությունների մոտ խոսելու այն մասին, որ այսօր հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն պետք է ունենային նաև Արցախում այս տոնը նշելու, բայց զրկված են դրանից»,- նշեց Արթուր Նաջարյանը։

Այս տարի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը, բացի Գյումրուց, միջոցառումներ է անցկացրել նաև Էջմիածնում և Սպիտակում։ Էջմիածնում, առողջ ապրելակերպին նվիրված քարոզարշավի շրջանակներում տեղի է ունեցել սպորտլանդիա և կրոսավազք, նաև գունային փառատոն՝ Color Festival, Սպիտակում՝ ինտելեկտուալ խաղ մրցույթ և դարձյալ գունային փառատոն ։

Արթուր Նաջարյանը տեղեկացրեց, որ միջոցառումների անցկացման նախաձեռնությունը նաև համայնքներից է եղել, ինչն անչափ կարևոր է։ «Սա մեզ համար նշան էր, որ երիտասարդության թեման առաջնահերթ է, ու մեզ համար սա հնարավորություն է խոսելու երիտասարդության հնարավորությունների, հիմնախնդիրների ու առկա խնդիրների մասին»,-հավելեց Արթուր Նաջարյանը։

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, 2015 թվականից սկսած, իններորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս