Տարօրինակ է Հայաստանի ժողովրդի լռությունը` դուրս եկեք և արդարություն պահանջեք. Արամ Առաջին կաթողիկոս
Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու անմիջական վտանգի ենթակա են: Այս մասին երեկ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Արցախի հարցով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպես կարելի է Ադրբեջանի հողային ամբողջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպես կարելի այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման համար պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»,- ասել է վեհափառը:
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը պետք է դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից, պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև վերջ դրվի Արցախի շրջափակմանը։
Արամ Ա կաթողիկոսի համոզմամբ պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին:
Նրա խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որն Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս կճանաչի։
Որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ Արամ Ա-ն առաջարկել է, որ իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մի մարմին ստեղծվի, որն այս ճակատագրական փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ:
Դիմելով Հայաստանի ժողովրդին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ասել է. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ եք սպասում, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորոեն անբնական է կյանքը»,- ասել է նա։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երրորդ պատգամն ուղղված էր միջազգային հանրությանը:
Վեհափառը նաև ուղերձներ է հղել միջազգային հանրությանն ու Սփյուռքին։