Բաժիններ՝

Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա տեղադրված վճարահաշվարկային տերմինալների վերաբերյալ՝ «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի միջև 2013 թվականի ապրիլի 4-ին կնքվել է Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիր: Պայմանագրի շրջանակում 2014 թվականի հուլիսի 10-ին կնքված համաձայնագրով սահմանվել է ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքներում տեղադրել վճարումների ընդունման տերմինալներ: Տերմինալների տեղադրման նպատակով, Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա՝ տարբեր վարչական շրջաններում առանձնացվել է 235 հողատարածք, սակայն չեն կանոնակարգվել առանձնացված հողամասերն օգտագործման տրամադրելու կարգն ու պայմանները, չեն կանոնակարգվել նաև դրանց համար վճարումները: Վերոնշյալ որոշումների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, տրանսպորտի, անշարժ գույքի կառավարման վարչության պետերի վրա:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան համայնքի մայթերին, այսինքն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, առանց որևէ հիմքի տեղադրված է ընդհանուր 1296 տերմինալ:

Պարզվել է նաև, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության և «Իզի Փեյ» ՍՊ ընկերության միջև 2017 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ «Իզի Փեյ» ՍՊ ընկերությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա 300 վճարային տերմինալների տեղադրման դիմաց պարտավորվել է ամսական 5 մլն 958 հազար դրամ վճարել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերութանը:

Այլ խոսքով՝ մեկ տերմինալի տեղադրման վճարը կազմել է 19 հազար 860 դրամ, ինչը նշանակում է, որ համայնքը տարիներ շարունակ փաստացի զրկվել է յուրաքանչյուր տեղադրված տերմինալի համար ամսական շուրջ 19 հազար 860 դրամ ստանալու հնարավորությունից, որը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կազմում է 25 մլն 738 հազար 560 դրամ, իսկ 3 տարվա հաշվարկով՝ շուրջ 926 մլն 588 հազար 160 դրամ:

Հաշվի առնելով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից 2014-2023 թվականների ընթացքում կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ համայնքային սեփականության հողերի տրամադրումը ոչ պատշաճ կազմակերպելու, համայնքի գույքի շահագործման արդյունավետ օգտագործման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու, ապօրինի հողօգտագործման կասեցման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, դրա հետևանքով համայնքին նախնական տվյալներով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 926 մլն 588 հազար 160 դրամ վնաս պատճառելու ձևով ծանր հետևանքներ առաջացնելու դեպքեր՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

Հաղորդման հիման վրա՝ 2023 թվականի օգոստոսի 2-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս