Բաժիններ՝

Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՀՀ ՄԻՊ գրասենյակ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի՝ ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանի լուսանկարում իրականում բոլորովին այլ մարդ է պատկերված: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։

«Նշված լուսանկարը, ինչպես և ադրբեջանական մեդիատարածքում տարածվող շատ այլ լուսանկարներ, հավաքագրվել և վերլուծվել են մեր կողմից։ Բնական է, որ այս լուսանկարով էլ Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում, դրանում պատկերված է մեկ այլ անձ, ոչ թե Վագիֆ Խաչատրյանը»,- նշել է Եղոյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Լաչինի միջանցքում ԿԽՄԿ աշխատակիցների կողմից Հայաստան տեղափոխման ժամանակ, 2013 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Այն ժամանակ Հայաստանի օմբուդսմենը հայտարարել էր, որ Խաչատրյանը երբեք հետախուզման մեջ չի եղել։

Տեղեկությունը, ըստ Եղոյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստուգվել է բոլոր գործընկերների միջոցով, նման պնդումների համար որևէ հիմք չկա: Նա նշել է, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացված գործողությունների համար բացարձակապես իրավական հիմք չի եղել: Խաչատրյանը գտնվում է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո, նա տեղափոխվում էր Հայաստան՝ բուժում ստանալու համար։

«Նրանց ներկայացվել են ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց միջազգային հետախուզման որևէ համակարգում Վագիֆ Խաչատրյանի հետախուզման մասին տվյալներ չկան։ Միջազգային կառույցների ներկայացուցիչներին տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունների անհիմն լինելու մասին։ Իսկ մարդու հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների կոպիտ խախտմամբ»,- ասել է Եղոյանը։

«Ուզում եմ նշել, որ մենք առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով, ուստի ձեռնպահ եմ մնում Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հետ կապված բոլոր քայլերն ու տվյալներն ավելի մանրամասն լուսաբանելուց»,- նշել է Եղոյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Խաչատրյանի առևանգումից անմիջապես հետո Ադրբեջանի մեդիա դաշտում նոր թափ ստացան հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության քարոզը:

«Այս երևույթը հայատյացության և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հասարակական և քաղաքական գործիչները (այդ թվում՝ պատգամավորները) Խաչատրյանին արդեն արդեն որպես հանցագործ են պիտակավորել»,- ասել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ այս պայմաններում ձերբակալվածի իրավունքների պատշաճ պաշտպանության, առավել ևս արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օգոստոսի 9-ին Երևանին է փոխանցել Խաչատրյանի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալները:

2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։

Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս