Աղդամի ճանապարհի առաջարկը խախտում է Արցախի ժողովրդի իրավունքն ու նվաստացնում արժանապատվությունը․ Արցախի ԱԳՆ․ News.am

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան NEWS.am-ի հարցման, արձագանքել է Ռուսական «Կոմերսանտ» թերթի «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածին, որում նշվում էր , որ Աղդամով ճանապարհը բացվելու է, իսկ այնուհետեւ Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին:

– Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախի Հանրապետությունը միշտ ունեցել եւ շարունակում է ունենալ հետեւողական դիրքորոշում: Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ՝ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա:

Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի եւ այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաեւ՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու եւ այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ: Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաեւ հակասում է միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին:

Կրկին ընդգծում ենք, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի եւ սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք եւ Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց:

Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որպեսզի Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման եւ գուցե, Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխան համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո: Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը եւ առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, ադրբեջանական կողմը հետեւողականորեն փորձում է կտրել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի միջեւ գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից: Տվյալ նախաձեռնությունը միտված է նաեւ Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հակամարտության համապարփակ, արդար եւ արժանապատիվ կարգավորման առանցքային տարրն է:

Ավելորդ չի լինի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները չեն նախատեսում Ադրբեջանի որեւէ ներկայություն Լաչինի միջանցքում կամ մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ տեղաշարժի սահմանափակում: Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, գտնվելով Բաքվում, 2023 թվականի փետրվարի 28-ին հաստատել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետերի տեղադրումը Եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ:

Տեսանյութեր

Լրահոս