ԵԱՀԿ նախագահը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ անդրադարձել է հարաբերությունների կարգավորմանը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին առանձին-առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նախարար Օսմանին «իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա ազդեցության վերաբերյալ»։

Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին, նա կրկնել է «կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը»՝ որպես կայուն լուծումների ճանապարհ՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։

Նախագահ Օսմանին ընդգծել է, որ «պետք է գերակայեն մարդասիրական նկատառումներն ու մարդկանց անմիջական կարիքները։ Նա առաջարկել է «իր ծառայություններն ու ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման լուծումների մաս»։

Հիշեցնելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումներն ու երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հայտնել է իր պատրաստակամությունը՝ «շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ»։

Այս առումով նա կրկնել է, որ «ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է դյուրացնել երկխոսությունը կայուն ու խաղաղ կարգավորում առաջ տանելու համար»:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ի շարունակություն ս.թ. հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների հանդիպմանը` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ «հունիսի 15-ից ԼՂ ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խոչընդոտվում է ԼՂ մուտք ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը, ինչի մասին ԿԽՄԿ-ն հայտարարեց հուլիսի 25-ին»:

«Երկուստեք ընդգծվել է տեղում մարդկանց համար հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները՝ ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս