Հրաձիգ Նարե Գաբրիելյանն ԱՊՀ խաղերում նվաճած արծաթե մեդալը հաղթանակ է համարում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր Նարե Գաբրիելյանը գոհ է իր գրանցած արդյունքից:
«Այս պահին ես արեցի իմ հնարավորությունների առավելագույնը, բայց ինձ համար սա պարտություն չէ, քանի որ առաջին տեղին զիջել եմ միայն 6 միավորով․ սա իմ առաջին միջազգային մեդալն է: Իհարկե, կարող էի զբաղեցնել նաև առաջին հորիզոնականը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:
Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: ԱՊՀ 2-րդ խաղերը անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքներում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում:
Մասնավորապես, մրցումներն անցկացվում են Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: