Բաժիններ՝

Ասադը հայտարարել է, որ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջ է քաշում Անկարան

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունն այն դեպքում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին նա հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում նրա (խմբ.՝ Էրդողանի) հետ բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում», – ասել է Ասադը:

Ասադը Թուրքիային մեղադրել է 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտությունում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Նրա խոսքով՝ «Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»։

«Այն պետությունները, որոնք փորձել են անիշխանություն ստեղծել Սիրիայում, նաև պատասխանատու են թմրանյութերի առևտրի համար», – ասել է նա։

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադն Անկարային կոչ էր արել վերջ դնել Սիրիայում իր ռազմական ներկայությանը՝ նշելով, որ երկրի հյուսիսային շրջանների շարունակվող բռնազավթման պայմաններում «անհնար է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս