
Բայդենը հայտարարել է, որ շուտով կայցելի Վիետնամ՝ երկրի հետ կապերն ամրապնդելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 8-ին հայտարարել է, որ մտադիր է «շուտով» այցելել Վիետնամ, քանի որ երկրի իշխանությունները ցանկանում են բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք CNN-ից:
«Ես շուտով կմեկնեմ Վիետնամ, քանի որ Վիետնամը ցանկանում է փոխել հարաբերությունները մեզ հետ և դառնալ գործընկեր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Նյու Մեքսիկո նահանգում նախընտրական արշավի միջոցների հանգանակության միջոցառման ժամանակ։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Բայդենի այցը կդիտվի տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությունը մեծացնելու միջոց՝ Չինաստանին հակազդելու նպատակով։
Հուլիսի վերջին Բայդենը հայտարարել էր, որ իր բրազիլացի և վիետնամցի պաշտոնակիցները հայտնել են իր հետ հանդիպելու ցանկության մասին։ Ըստ Սպիտակ տան մամուլի միավորման հաղորդագրության՝ ԱՄՆ-ի ղեկավարն այն ժամանակ նշել էր, որ Վիետնամի ղեկավարությունը ցանկանում է Վաշինգտոնին բերել «հիմնական գործընկերոջ դիրքի՝ Ռուսաստանին և Չինաստանին հավասար»: