Մշակել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացի նպատակն է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքների վերհանման և նրանց պահանջների բավարարման միջոցով նպաստել վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության կազմակերպման որակի բարելավմանը։
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատումն իրականացվում է ինքնագնահատման, ինչպես նաև ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի, առարկայական մեթոդական միավորման նախագահի դիտարկումների և դասալսումների միջոցով: Գնահատումն իրականացվում է ամեն տարի՝ սեպտեմբեր-հունվար ամիսներին: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման ենթակա են տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության ընթացիկ ուստարում հերթական ատեստավորման ենթակա բոլոր ուսուցիչները:
Ինքնագնահատման նպատակով ուսուցիչները լրացնում են հարցաթերթ, որն ունի հետևյալ կառուցվածքը.
հարցման ժամանակը,
հարցման նպատակը,
ում կողմից է իրականացվում,
հարցերի (բաց և փակ) շարադրումը՝ ըստ բովանդակության բաժինների հաջորդականության,
տվյալներ հարցմանը մասնակցողի վերաբերյալ,
առաջարկություններ հարցմանը մասնակցողի կողմից:
Հարցերը հիմնականում վերաբերում են ուսուցման կառավարման համակարգերին, մանկավարժների և սովորողների իրավունքներին, դասավանդման մեթոդաբանությանը, աշակերտների տարիքային առանձնահատկություններին, տարակարգի շնորհման, ատեստավորման ընթացակարգերին, ներառական կրթության կազմակերպմանը և այլն: