Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը.ինչ է նա հայտարարագրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որը Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությամբ դատական գործի վճիռը կայացնողն է, հիփոթեքով ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանում նոր բնակարան՝ 42 մլն 097 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա 1985 թվականին բնակարան է գնել Արարատ քաղաքում, իսկ 2010 թվականին՝ Շենգավիթում։ Դատավորը հայտարարագրել է ավտոտնակ, որ իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է դատավորի կողմից։

Դատավորը հայտարարագրել է 2 մեքենա՝ MAZDA մակնիշի, որը ձեռք է բերվել 2019 թվականին, և OPEL մակնիշի՝ 2008 թվականին ձեռք բերված։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 100 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 400 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 214 հազար դրամ, որից 8 մլն 844 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ պետական բյուջեից դատավորը ստացել է 2 մլն 966 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով գումարի վերադարձ է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 363 հազար դրամ»։

Տեսանյութեր

Լրահոս