Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր օգտագործման հողատարածքների օտարման որոշումները
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր:
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ:
Մասնավորապես՝
Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ մակերեսով հողամասում կառուցված 571.8 քմ մակերեսով ինքնակամ կառույցը Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ համարվել է Երևանի սեփականություն, և հաջորդ տարի Մ.Շ.-ն, որպես սեփականություն, Երևան համայնքից ձեռք է բերել հողամասն ու շինությունը: Օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված որոշումն անվավեր ճանաչելու նպատակով Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:
Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 22-ի 3388-Ա որոշմամբ՝ օտարվել են Անդրանիկի 121/8 հասցեում, իսկ 2013 թվականի մայիսի 17-ի 2480-Ա որոշմամբ՝ Անդրանիկի 123/5 և 121/8 հասցեներում գտնվող «Իտալական» այգու հողամասերը, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերն արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին և իրավաբանական անձանց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը Երևանի քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 3 հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:
Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ոչ գույքային պահանջներով 2 հայցադիմում՝ Անդրանիկի 43 հասցեի և դրան հարակից տարածքներում ինքնակամ կառույցները քանդելու պահանջով, քանի որ ինքնակամ կառույցները հետագայում ևս Հողային օրենսգրքի սահմանափակումներով պայմանավորված՝ ենթակա չէին օրինականացման:
Երևանի քաղաքապետի 2004 թվականի մայիսի 11-ի 799-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին օգտագործման իրավունքով տրամադրվել է Բաբաջանյան 304 հասցեում գտնվող 8760 քմ մակերեսով «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ իր հողամասով: Համայնքի ավագանու 2004 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ օտարվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին: Հայցադիմումներ են ներկայացվել Վարչական և Հակակոռուպցիոն դատարաններ:
2008 թվականի ապրիլի 16-ի 113-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներինև իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր) արգելքի պայմաններում՝ Երևան քաղաքի Ջամբուլի 29 և 29/3 հասցեում գտնվող 0.515193 հա հողատարածքը տրամադրել է Ա.Հ.-ին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ վերոնշյալ հողատարածքը նախատեսված է եղել էլեկտրահաղորդիչ գծերի համար: Վարչական դատարանը վարույթ է ընդունել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի ապրիլի 16-ի որոշումն անվավեր ճանաչելու, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումներն ու սեղանամատյանի գրառումները վերացնելու պահանջներով հայցադիմումը:
Շահումյանի շրջանի Հաղթանակի գյուղխորհրդի կողմից 1990 թվականի հունիսի 13-ին և 1997 թվականի հոկտեմբերի 24-ին Հաղթանակ թաղամասում որոշ հողօգտագործողների տրամադրվել են հողի սեփականության իրավունքի պետական ակտեր՝ վավերացված «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂ. ՀԱՄԱՅՆՔԻ Փ. Բ. Ը.» կնիքով: Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքը «փակ բաժնետիրական ընկերության» կազմակերպաիրավական ձև չի ունեցել և չէր կարող պարունակել «ՓԲԸ» գրառումը: 2022 թվականին հողօգատգործողները սեփականության իրավունքի պետական ակտերը ներկայացրել են Երևանի քաղաքապետարան: 2023 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան: