ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալ, որում ասված է.
«Ս.թ. օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.
-Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարումից է կախված ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը
-Արցախի Ազգային Ժողովը, լինելով առաջնային մանդատով օժտված պետական մարմին, մեծ դերակատարում ունի Արցախի առջև ծառացած ոչ միայն ներպետական, այլև միջազգային մարտահրավերների հաղթահարման հարցում
-Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը Արցախի ճակատագրի հարցում հանդիսանում է պետական լծակներին տիրապետող, սակայն մարգինալացված մի խմբակի կարծիք և չի արտացոլում ՀՀ քաղաքացիների մոտեցումները
-Արցախի Հանրապետության ներքաղաքական դաշտում որոշ գործիչների արկածախնդիր, իսկ առանձին դեպքերում՝ ադրբեջանական շահերից բխող հայտարարությունները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը իշխանության հասնելու համար օգտագործումը կարող է կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության գոյությունը։
Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը.
-Շնորհավորում է Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
-Ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի, որպես ընտրված ներկայացուցչական մարմին, դերակատարման բարձրացմանն ուղղված քայլերը։ Ստեղծված իրավիճակում ազգային կարող և առողջ ուժերի համախմբումը այլընտրանք չունի
-Հաստատակամ է իր տիրապետության տակ գտնվող ողջ գործիքակազմով շարունակել ծառայել Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը՝ չզատելով ու նույնականացնելով դրանք Հայաստանի Հանրապետության շահերին
-Վստահ է, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր նախագահը հետևողական աշխատանք է տանելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ և պատրաստ է շարունակել կուսակցական ու խորհրդարանական դիվանագիտության խողովակներով նպաստել այդ գործընթացին»։



