Վրաստանում հացի գնի նվազում չի սպասվում
Սեպտեմբերից Թբիլիսիում բնական գազի սակագինը կոմերցիոն օգտագործողների համար կնվազի 11 թեթրիով, իսկ մարզերում՝ 13 թեթրիով։ Համապատասխան փոփոխությունը կվերաբերի SOCAR Georgia Gas-ի բաժանորդներին մարզերում, իսկ Tbilisi Energy-ի բաժանորդներին` մայրաքաղաքում։ Նշված որոշման մասին հայտարարել են գազաբաշխիչ ընկերությունները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» նախագահ Մալխազ Դոլիձեն սակագնի իջեցումը դրական է գնահատել և ասել, որ սակագնի փոփոխությունը դրական կանդրադառնա ոլորտի վրա, թեև հացի գնի նվազման ակնկալիք չկա։
Ըստ Դոլիձեի՝ արդյունաբերությունն այժմ տառապում է մարդկային ռեսուրսի պակասից, հետևաբար ձեռնարկություններում տնտեսված գումարը պետք է ուղղվի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։
«Այսօր նույնիսկ 11 թեթրիի փոփոխությունը դրական ազդեցություն կունենա։ Նրանք միշտ կենտրոնանում են այն բանի վրա, որ սա կազդի հացի գնի վրա, այս անգամ այդ փոփոխությունը պետք է ազդի աշխատավարձերի վրա, քանի որ մեր ոլորտում մարդկային ռեսուրսի հսկայական արտահոսք կա։
Աշխատավարձերի մասով էլ բարդ իրավիճակ է, ստիպված ենք աշխատավարձերը բարձրացնել, և այս տարբերությունը դրական ազդեցություն կունենա արտադրության վրա։ Այս փուլում թերահավատորեն եմ վերաբերվում հացի գնի նվազմանը: Կարծում եմ` գինը կպահպանվի»,- ասել է Դոլիձեն։