Դավաճանություն` մեր որդիների, մեր զինվորների հանդեպ. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների պատասխանը Փաշինյանին

Որդիների Կանչ ՀԿ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ «դժվար է զոհված զինծառայողների ծնողներին բացատրել , որ ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության», նշելով որ դրա կարիքը չէր լինի, եթե չարհամարվեր մինչ ՔՊ իշխանության հայտնվելը ողջ բանակցային գործընթացում ձեռք բերված արդյունքները և փոխարենը չազդարարվեր իրենց զրոյական կետից բանակցությունների վերսկսման մասին : Ոչ միայն հաշվի չի առնվել պետության անունից այդ պրոցեսում մինչ այդ հանդես եկող առաջին դեմքերի և դիվանագետների փորձն ու հիշողությունը, այլ նաև հիմք է տրվել «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով թշնամի երկրի ղեկավարին դուրս գալու բանակցային գործընթացի տրամաբանությունից՝ միջազգային հարթակում ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածելով տարածքային ամբողջականության խնդրի՝ առիթ տալով պատերազմով լուծելու այն: Առավել ևս անհնար է բացատրել ծնողներին, երբ նրանք ԱԺ ամբիոնից լսում են գերագույնի ինքնախոստովանանքը, որ «կարող էինք կանխել պատերազմը՝ կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի»:

Հարց է ծագում, եթե այդ ապագա խաղաղության գինը մեր որդիների կյանքերն էին, ապա ինչու իր զինվորներին Սարդարապատի վերջին ճակատամարտի, մեկ միլիմետր թշնամուն չզիջելու կոչով դիմած նույն գերագույնը չմիացավ իր հրամանով նահատակված հերոսներին գոնե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, չէ որ հենց ինքն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, այնինչ մի գրչի հարվածով հանձնեց թշնամուն հազարավոր քառակուսի կիլոմետրեր, չէ որ դա դավաճանություն էր հենց ինքն իրեն ու նաև դավաճանություն մեր զինվորների հանդեպ։

Արդյունքում պատերազմը չդադարեց, ունեցանք նոր հարյուրավոր զոհեր և տարածքային կորուստներ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ այսօր էլ կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև, իսկ մեր արցախցի 120 հազար հայրենակիցներին էլ սպառնում է սովամահության և ցեղասպանության վտանգը:

Այս իրավիճակում արժի նորից վերապրել նոյեմբերի 9-ի չարագույժ օրը և կայացնել արժանապատիվ համարձակ որոշում, ինչը որ արել են օրինակ մեր տղաներից շատերը, թշնամուն գերի չընկնելու կամ հնարավորինս վնաս տալու նպատակով, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին դուրս գալու շրջափակումից և այս մղձավանջից: Գուցե պատմությունը այս դեպքում գնահատի Ն.Փ. -ի միակ ճիշտ քայլը և չարժանանա ներկա և ապագա սերունդների խիստ դաժան անեծքներին:

Ինչ վերաբերվում է նրան, որ «իր որոշումների, լուծումների, զիջումների արդյունքում կարող է նշանակել, որ նախկինում իզուր են զոհվել մեր ազատամարտիկներն ու զինվորները», ապա թող լավ իմանա,, որ դրա իրավունքը նա չունի, որ միանձնյա նման որոշումներ կայացնի և հայ ժողովուրդը երբեք չի ընդունի և չի հանդուրժի դա, և թող քաջ իմանա, որ ոչ մի հայորդի, ով իր կյանքը զոհաբերել է հանուն Արցախի ազատագրման և Հայոց պետականության ամրապնդման, իզուր չի զոհվել, այլ զոհվել է մեր ու մեր սերունդների մեր իսկ պատմական հայրենիքում՝ Արցախի և Հայաստանի վերամիավորված ազատ ու անկախ հայկական պետությունում խաղաղ , բայց արժանապատիվ ապրելու համար: Իսկ խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են, մեր թշնամիները միայն այդ լեզուն են հասկանում, այդ պարզ ճշմարտության անտեսումը ճակատագրական կլինի բոլոր հայերի և Հայաստանի համար:

Որդիների Կանչ ՀԿ

Տեսանյութեր

Լրահոս