Ռաշիդ Բեգլարյանին առևանգելու փաստով քրեական գործ է հարուցվել․ Արցախի դատախազություն
2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը: Այս մասին հայտնել է Արցախի դատախազությունը։
«Նկարագրված դեպքի առթիվ 02.08.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով /Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: