Բաժիններ՝

Սերդար Քըլըչը ևս միացել է Disney Plus-ի դեմ լոբբիստական արշավին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին վնաս տալու համար Երևանում Նեմեսիսի, այսպես կոչված, հուշարձանը կանգնեցնող մտածողությունն ու Disney Plus-ի «Աթաթուրք» սերիալի համար կրկին նույն նպատակով ճնշում գործադրող մտածողությունը նույնն է։ Կառուցողական ջանքերին աջակցելու փոխարեն՝ այս ապակառուցողական մտածողությանը հանձնվելը չեմ ընդունում»։

Հիշեցնենք, որ Թուրքական մեդիադաշտում օգոստոսի 1-ից շրջանառվող լուրերի համաձայն՝ Disney Plus-ն իբրև թե ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը, ինչի պատճառով էլ չի հեռարձակելու «Աթաթուրք» սերիալը՝ նվիրված Թուրքիայի հարյուրամյակին:

Օգոստոսի 2-ին Disney Plus-ի նման որոշմանն ուղված հայտարարություններով հանդես էին եկել նաև թուրքական «Երկիր» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» (Iyi) կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն:

Իսկ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ հարցին անձամբ միջամտում են Թուրքիայի արգործնախարար Հաքան Ֆիդանն ու ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը:

Թվիթերում թեմատիկ արձագանքներն մինչ այս պահը շարունակական բնույթ են կրում։ Այս պահին թուրքական տիրույթում ակտուալ է #Դիսնեյչեղարկիր (#Disneyiptalet) վանդակապիտակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս